Վերլուծական

Բանակցություններ՝ բանակցություններ սկսելու շուրջ. Ինչի՞ շուրջ են խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում 19-ամյա զինծառայող Աղասի Մկրտչյանը սպանվել է հակառակորդի գնդակից: Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով, ինչը, ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակի, պարզ ցույց է տալիս, թե ինչ հանգամանքներում է զոհվել զինծառայողը:

Հակառակորդը սահմանին մոտ դեռ շարունակում է կուտակած թողնել զինտեխնիկան, թեև զորավարժությունները վաղուց ավարտվել են: Սա ազդակ է լրացուցիչ զգոնության, բայց ոչ տագնապի.

Մի կողմից հակառակորդը զորքը կուտակած է պահում սահմանին, մյուս կողմից էլ Նյու Յորքում կայացած Զոհրաբ Մնացականյան- Էլմար Մամեդյարով հանդիպման ընթացքում օգտակար մտքեր  փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Հայաստանի արտգործնախարարը ինչպես նախորդ հանդիպումների ընթացքում այս անգամ էլ վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։

Դավիթ Բաբայանը թեև ասում է, որ խնդրի կառուցողական լուծման հասնելու համար դեռ շատ երկար տարիներ ու շատ տքնաջան աշխատանք է հարկավոր, սակայն այսօրվա ցանկացած հանդիպում օգտակար է և կարևոր:

Ադրբեջանագետ Աշոտ Մովիսյանը երկու երկրների ԱԳՆ-ների հանդիպման արդյունքում ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից հասկացել է, որ կողմերը բանակցում են բանակցելու շուրջ, ինչ է սա նշանակում. «Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բանակցային գործընթացը չդադարի: Նման բանակցությունները, կարծում եմ, կբերի ավելի կառուցողական բանակցությունների, որ կողմերը գնան լուրջ փոխզիջումների»:

Նա ասում է, որ վերջին շրջանում կողմերը կոշտացրել են հռետորաբանությունը և բանակցությունների հաճախակիությունը կարող է  մեղմել  ռազմաքաղաքական իշխանության հռետորաբանությունը, ինչը կարտահայտվի սահմանային իրավիճակի հանդարտությամբ, ինչից հետո էլ հայկական կողմը թերևս փակ ձևաչափով կկարողանա ներկայացնել իր նոր ակնկալիքները, մոտեցումները ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Հակառակ դեպքում, ըստ ադրբեջանագետի, հակառակորդը հասկանալով հայկական կողմի նոր ակնկալիքները փորձում է շտապեցնել որոշ հարցերում հայկական կողմին:

Back to top button