
Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա տարբեր շերտերի կողմից ակնհայտ բացասական վերաբերմունքի է արժանանում: Գերմանիայում գնալով ընդլայնվում է Էրդողանի սպասվող այցը բոյկոտողների շրջանակը՝ գրում է ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահն այսօր եռօրյա պետական այցով կժամանի Բեռլին:
Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին։
Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին հայտարարել է Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:
Նախօրեին գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էրդողանի պատվին տրվելիք ճաշին չի մասնակցելու նաև կանցլեր Անգելա Մերկելը:
Միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով հայտարարել է պաշտոնական ճաշին իր մասնակցության մասին, «Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդներից Ջեմ Օզդեմիրն է: (Ծագումով Թուրքիայի չերքեզ Օզդեմիրը միշտ աչքի է ընկել հակաէրդողանական հայացքներով ու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերին ցույց տված աջակցությամբ-EH):
Չեղարկվել են նաև Էրդողանի պաշտոնական այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները:
Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են:
Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:
Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:




