
Սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր 96-րդ թատերաշրջանը կբացի «Սասնա ծռեր»-ով: Բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով Մայր թատրոնի բեմում ներկայացնելու է մեզ ազգային էպոսի վերաբերյալ ի՛ր տեսիլքը: Ալիսա Գևորգյանն այսօր մասնակցել է «Սասնա ծռերի» առաջնախաղին նվիրված ասուլիսին ու դիտել ներկայացման գլխավոր փորձը:
Մայր թատրոնի բեմում «Սասնա ծռերի» վերջին շտկումներն են իրականացնում: Ներկայացման առաջնախաղը կկայանա սեպտեմբերի 27-ին:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան. «Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը: Կարծում եմ, որ հետաքրքիր ներկայացում է ստացվել՝ նոր լուծումներով, սկզբունքներով ու մոտեցումներով: Լիահույս եմ, որ հայ հանդիսատեսն այն կսիր»:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի գնահատմամբ՝ «Սասնա ծռերը» կարելի է համարել երիտասարդական ներկայացում, որովհետև ընդգրկված են Մայր թատրոնի երիտասարդ ուժերը, իսկ բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով Մայր թատրոնի բեմում՝ Էլբակյանի բնորոշմամբ, փորձել է ներկայացնել ազգային էպոսի վերաբերյալ ի՛ր տեսիլքը: Ինքը՝ «Սասնա ծռերի» սունդուկյանական վարկածի հեղինակը համոզված է.
«Մեր էպոսը յուրաքանչյուրիս մասին է, ու աշխարհում չկա մի հայ, որին չվերաբերի այն պատմությունը, որը փորձելու են պատմել Մայր թատրոնի բեմից»:
«Ներկայացումից բավականություն ստանալու համար էպոսի իմացությունը պարտադիր չէ, բայց ցանկալի է»,-հավելում է երիտասարդ բեմադրիչը: «Սասնա ծռերում» Սասունցի Դավթին կմարմնավորի Խորեն Լևոնյանը, ով արդեն մեկ տարի Մայր թատրոնի դերասանական կազմում է: «Սա նրա առաջին կերպարն է, բայց առջևում լուրջ անելիք ունի թատրոնում»,-ասում է տնօրեն Վարդան Մկրտչյանը:









