Քաղաքական

ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջին նիստն է գումարել. ինչու այն չէր ձևավավորվում նախկին գաղտնալսումների դեպքում

Ազգային ժողովում այսօր կայացավ Ազգային անվտանգության եւ Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների գաղտնալսման հարցով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Ենթադրվում է, որ հանձնաժողովը քննելու է ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։

Հանձնաժողովը նախաձեռնողները պնդում են՝ չեն փորձելու միջամտել կոնկրետ քրեական գործերին:

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հնարավոր է հրավիրի միջազգային կառույցների մասնագետների: Դեռ չգիտեն ում: Միջազգային մասնագետները կարող են լինել հեռահաղորդակցության ոլորտից, որոնք կկարողանան համակարգային առումով բացատրել, թե ինչպիսի մեխանիզմներ կան, որոնք բացառում են գաղտնալսումները:

Սա նիստը վարող քննիչ հանձնաժողովի անդամ Գեւորգ Կոստանյանի կարծիքն է:  Միջազգային մասնագետների ցանկը հանձնաժողովի անդամները ներկայացնելու են հաջորդ շաբաթ: Նաեւ ներկայացնելու են այն պաշտոնյաների ցանկը, որոնց ցանկանում են լսել պատգամավորները:

Քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեւեց շատ կարճ՝ դեռ որոշում են աշխատանքային կարգը: Որեւէ քաղաքական ուժ չբոյկոտեց աշխատանքները, թեեւ  «Ելք» խմբակցության պատգամավորները սկզբում դեմ էին հանձնաժողովի ստեղծմանը: Բացատում էին, որ գաղտնալսման փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, իսկ հանձնաժողովը կարող է խոչընդոտել քննությանը։

Ամեն դեպքում՝ արդեն ստեղծված քննիչ հանձնաժողովում աշխատելու համար խորհրդարանական բոլոր ուժերը գործուղել են իրենց պատգամավորներին: Ամենաշատ պատգամավորով հանձնաժողովում ներկայացված է հանրապետականը՝ 5 ներկայացուցիչ, «Ծառուկյան» խմբակցությունից 3 պատգամավոր են, «Ելք»-ից՝  2, Դաշնակցությունը ներկայացված է մեկ պատգամավորով:

Քննարկում, ըստ էության, այսօր տեղի չունեցավ: Հանձնաժողովի մասնակիցները քչախոս էին: Խնդիր առաջացավ միայն հանձնաժողովի տեղակալի ընտրության հարցում: ԱԺ կանոնակարգ օրենքով իրավասու խմբակցության կողմի ներկայացված թեկնածուն է դառնում հանձնաժողովի տեղակալ: Այստեղ է, որ չհամընկան Հանրապետականից Գեւորգ Կոստանյանի եւ «Ելք»-ից Հովիկ Աղազարյանի կարծիքները:

Քննիչ հանձնաժողովը խորհրդարանում ստեղծեցին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով: Սակայն, գաղտնալսումները Հայաստանի համար նորություն չեն:

2007-ին Հայաստանում գաղտնալսում էին Արթուր Բաղդասարյանին, 2008-ին՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ նույն Ալեքսանդր Արզումանյանին ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանին:

2012-ին գաղտնալսեցին Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցությունը: Բայց Աժ-ում հատուկ քննիչ հանձնաժողով ստեղծվելու անհրաժեշտությունը հանրապետականները պնդեցին միայն այս տարի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՔԾ եւ ԱԱԾ ղեկավարների հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստով:

Ինչո՞ւ տարբերություններ դրվեցին գաղտնալսումների միջեւ եւ հանրապետականները կարեւորեցին հատկապես վերջին գաղտնալսման փաստը՝ պարզաբանում է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Նախկին գլխավոր դատախազն այսօր անկեղծացավ՝ համոզված է, որ իր հեռախոսը նույնպես գաղտնալսվում է:

Նախկին գլխավոր դատախազի այսօրվա խոստովանություններից էր նաեւ, որ «դատական իշխանության անկախության խնդիրներ 10-15 տարի առաջ էլ եղել են»:

Քննիչ հանձնաժողովի անդամներն այսօր պայմանավորվեցին հանդիպել մեկ շաբաթ հետո:

Կարդացեք նաև

Back to top button