Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի մասին հայտարարություն է տարածել։

«Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է»,-ասված է հայտարարությունում:

«Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել»:

Քոչարյանի գրասենյակը նաև պնդում է, որ «ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ» և հեռախոսազրույցի բացահայտումները որակում «հանցագործություն` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»:

Մինչ այդ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երբ վարչապետին ենթակա մարմինն իրականացնում է ձերբակալություն, որը կարող է քաղաքական և հանրային հնչեղություն ունենալ, քաղաքական պատասխանատվությունն իր վրա է ու ինքն է կրում դրա քաղաքական պատասխանատվությունը։

«Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանը, որ գնամ քննիչների և ոստիկանների թիկունքում թաքնվեմ, և այո, ասում եմ՝ մինչև այժմ Հայաստանում տեղի ունեցած հանրային հնչողություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանտվությունը վերցնում եմ իմ վրա։ Այո՛, ես եմ դրանց քաղաքական պատասխանատուն, որովհետև այդ մանդատը դուք եք ինձ տվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մարտի 1- ի գործով։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել էին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որոնք բողոքում էին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Մարտի 1- ի լույս 2- ի գիշերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով զոհվեց տասը մարդ։

Back to top button