Ռադիոլուրը՝ Բուրսայում հայկական եկեղեցու շենքի վաճառքի հետքերով
Վաճառքի է հանվել Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300— ամյա հայկական եկեղեցին 1.5 մլն դոլարով:
Տեղեկությունը սոցցանցերում եւ կայքերում հայտնվեց օրերս։ Սակայն «Ռադիոլուրը» պարզեց, որ եկեղեցին վաճառքի է հանվել դեռ 2016 թվականին։
Մինչ օրս գնորդ չի գտնվել: Այդ պատճառով էլ վաճառքի հարցով զբաղվող ընկերությունը թարմացրել է տեղեկատվութունը, եւ այն նորից հայտնվել է լրահոսում:
Բուրսայի հայկական եկեղեցու ճակատագիրը նման է Թուրքիայում գտնվող շատ եկեղեցիներին։ «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը մանրամասնում է՝ եկեղեցու տարածքը, որի վրա կառուցված է հայկական եկեղեցին, պատկանում է թուրքի։ Վերջինս այժմ որոշել է այն վաճառել, եւ հայտարարությունը տեղադրված է առքուվաճառքով զբաղվող առևտրային ընկերության կայքում:
«Մեր սրբավայրերը որոշ մարդկանց սեփականություն են դարձել, եւ այդ մարդն էլ իր հողը ծախել կուզե: Քաղաքակիրթ աշխարհի համար շատ զարմանալի է, բայց օրենքներով էլ արգելված բան չկա: Պոլիսեն դուրս մնացած բոլոր եկեղեցիները, բացի մի քանիսից, խոնարհման եզրին են»:
Համացանցում տարածված կադրերը փաստում են, որ եկեղեցին խոնարհված է, քանդված է զանգակատունը: Անշարժ գույքի գործակալ Թայֆուն Օզենգինլերը, որն զբաղվում է եկեղեցու տարածքի վաճառքով, Բուրսայի Սեթբաշը թաղամասը ներկայացնելով ասել է, որ թաղամասը նախկինում հայերով է բնակեցված եղել, իսկ քեմալական շարժումից հետո եկեղեցին տարբեր նպատակներով է օգտագործվել:
«Ամեն անկյունում պատմական շունչ կա: Մինչ 1980-ականները եկեղեցին տարբեր նպատակների համար է ծառայել, իսկ ավելի ուշ վերածվել է լքյալ շինության: Այն եռահարկ է, ունի 512 քմ ընդհանուր մակերես»:
Բագրատ Էստուկյանը, օրինակ բերելով Բուրսայի հայկական եկեղեցու վաճառքը, բարձրաձայնում է Թուրքիայի տարածքում գտնվող մյուս եկեղեցիների անորոշ ճակատագրի հարցն ու արձանագրում, որ Պատրիարքարանը պետք է փրկի եկեղեցիները օտարումից՝ ստանձնելով ֆինանսական աջակցություն, այլապես հայկական եկեղեցիները կվեարածվեն միայն հիշողություններից։ Կամ էլ եկեղեցիները պետք է որպես զբոսաշրջային վայրեր ներառվեն Թուրքիայի պատմամշակութային արժեքների ցանկում:
«Պատրիարքարանը Աղթամարի օրինակով ասեց, որ մենք այդ եկեղեցին պահելու ի վիճակի չենք, քանի որ այնտեղ համայնք չունենք, ու մեզ համար նշանակություն չունի այդ եկեղեցին: Չունենք ֆինանսներ վերակացու կարգենք, նորոգենք: Նույն է խնդրի Բուրսայի պարագայում»:
Բուրսայի հայկական եկեղեցու սեփականատերը դեռ գնորդ չի գտել, բայց արձանագրենք, որ մինչեւ ցեղասպանությունը Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի, որոնք ՏԻՄ մարմինների կողմից վաճառվել են մասնավոր անձնանց՝ հայտնելով խոնարհման վտանգի առաջ: Էստուկյանը հիշեցնում է կործանումից փրկված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը համայնքի ակտիվ ջանքերի շնորհիվ դարձավ համայնքի սեփականությունը:
«Այսօր որեւէ մեկը չի կարող վաճառել Սուրբ Կիրակոս եկեղցին, քանի այն պատկանում է ազգին, եւ ոչ ոք չի կարող որեւէ բան ընել՝ ծախել»:
Բուրսայում հայ համայնք այսօր չկա, որն էլ եղել է երաշխիք հոգեւոր կառույցների պահպանման համար: Այսինքն՝ չկա հայ համայնք, չկա ֆինանսական աջակցություն, չկա՝ եկեղեցի՝ ասում է Էստուկյանը: