Հասարակություն

Ինչ են պահանջում Գեղակերտ համայնքի բնակիչները

Այսօր առավոտյան փակ էր Երևան-Արմավիր միջպետական ճանապարհը: Մարզի Գեղակերտ համայնքի բնակիչներն էին իրենց բողոքի ձայնը  բարձրացնում: Նրանց  պահանջը  հստակ է.

«Ճանապարհը չի բացվելու, մինչև մեր խնդրին լուծում չտան: Արդեն 20 օր է՝ համայնքը ոռոգման ջուր չունի, որևէ բացատրություն չկա, թե ինչու են ամառվա ընթացքում մեզ զրկել ոռոգման ջրից»:

Մինչև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կամ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը չգնան համայնք և խնդրին լուծում չտան, ճանապարհը չի բացվելու:

«Այստեղ են ոստիկանության ծառայողներ, մարդիկ, ովքեր հորդորում են բացել ճանապարհը, բայց ճանապարհը չի բացվելու, մինչև համայնքը ոռոգման ջուր չունենա»,- ասաց բնակիչը:

Ճանապարտը մոտ երեք ժամ հետո բացվեց։ Գեղակերտի համայնքապետ Սերյոժա Առաքելյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ ճանապարհը բաց է, սակայն՝ մինչև վաղը: Այն բացվել է ոռոգնման ջուր տալու խոստումից հետո:

Համայնքի ղեկավարը պարզաբանեց՝ ջրի խնդիրը սրվել է հատկապես այս շրջանում, քանի որ ելակի սածիլման ժամանակն է:

Ոռոգման համակարգում խնդիրները ջրի պես շատ են՝ ասում է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Հայաստանում մակերևութային ջրերը տարեկան 7-8 մլրդ խորանարդ լիտր են կազմում: Ամբարվում է, սակայն 2 մլրդից ոչ ավելի: Ջրառի ու ջրտուքի միջև նույնպես խնդիր կա: Սևանա լճից վերցված լրացուցիչ  ջուրը կուղղվի Կոտայքի մարզի ոռոգման ջրի  խնդիրները լուծելուն՝ տեղեկացրեց նախարարը:

Ոռոգման ջրի խնդիրը մեղմելու համար էր, որ օրերս խորհրդարանը որոշեց Սևանա լճից լրացուցիչ  մինչև 40 մլն խորանարդ մետր ջրառի թույլտվություն տալ: Վերջին օրերին հենց այս թեման էր ամենաշատը քննարկվում:

Բնապահպաններն ու փորձագետները բարձրաձայնում են, որ սա վտանգավոր է լինելու լճի համար: Կառավարությունում փորձում են հասկանալ՝ ինչպես է մեր երկրում առաջանում ոռոգման ջրի պահանջարկը:

Իրավասուները խոստանում են՝  կանեն ամեն ինչ, որպեսզի ծախսվող ամեն մի խորանարդ մետր ջրի  օգտագործումը հասցեական լինի:

Կարդացեք նաև

Back to top button