

Հարկայինից մինչև սոցիալական պարտավորությունների չկատարում. հանքարդունահանող ընկերությունների շուրջ աղմուկը չի դադարում:
Այժմ էլ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է պատրաստվում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկը վիճարկել:
Ինչ է մտածում էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարն այս ու ընդհանրապես հանրքադյունաբերության ոլորտի մասին:
Արթուր Գրիգորյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
Հանքարդյունաբերող ու վերջին շրջանում ամենաշատը քննադատության արժանացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը կվիճարկի՝ «Ռադիոլուրին» հայտնեցին «Լիդիան Արմենիա»- ից:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: Այն, ըստ էության, Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության չեղարկում է:
Օրերս «Լիդան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգման արդյունքների վերաբերյալ որոշում ուներ, որտեղ տրված են հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ արձանագրվել են փոքր խախտումներ՝ վարչական պատասխանատվությամբ:
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից փորձեցինք պարզել՝ ինչ է նախարարությունը մտածում խնդրի շուրջ: Հիշեցրեց՝ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել.
«Մեզ համար էլ է շատ կարևոր, մենք էլ ենք այդ իրավիճակը ցավով ենք ընդունում»:
Հայաստանի համար բնապահպանական խնդիրները շատ կարևոր են՝ ասաց նախարարն ու փոխանցեց իրենց դիրքորոշումը:
Ընդերքի թալան. վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերությանը, հաճախ է նման բնութագրումներ անում: Այսօր նախարարից փորձեցինք պարզել՝ կիսո՞ւմ է վարչապետի կարծիքը, թե՞ ոչ։
Նախարարությունը մետաղական հանքավայրերում կատարել է ուսումնասիրություններ ու գրեթե բոլոր հանքարդյունահանող ընկերություններում խախտումներ են հայտնաբերել: էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից փորձեցինք խախտումների տեսակը պարզել:
Ասաց՝ երբ ընդերքօգտագործող ընկերությանը լիցենզիա է տրվում, նա ունենում է նաև պայմանագրային պարտավորություններ։ Դրանք պարտադիր են նրանց համար:
27 մետաղական հանքավայրերից 10-ին զգուշացումների են արվել, եթե 90-օրյա ժամկետում ի հայտ եկած խախտումները չշտկեն, նախարարի խոսքով, կզրկվեն հանքը շահագործելու իրավունքից:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հիմնական արտադրանքը վաճառվում է օֆշորում:
Բագրատյանը կարծում է, որ նախ պետք է դադարեցնել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների միջոցով հումքի արտահանումը:




