Վերլուծական

Կանցլերի առաջին այցը Հայաստան՝ երկկողմ դիվանագիտության 26-ամյա պատմության մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, նկատել է, որ Անգելա Մերկելի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին, ուստի շատ մեծ հույսեր կապել այս այցի էֆեկտիվության հետ, պետք չէ, քանի որ չգիտենք, թե ինչ ուժեր իշխանության կգան Գերմանիայում:

Այդ պարագայում անհրաժեշտ կլինեն թարմացումներ՝ նշել է քաղաքագետը, ապա  շեշտել, որ ամեն դեպքում, հույս ունի, որ կքննարկվի կարեւոր հարցերի շրջանակ եւ այցը կարող է միայն դրական հետեւանքներ ունենալ:

Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի հունվարի 26-ին: Դրանից ի վեր, մինչ այս, առաջին գերմանացի ամենաբարձր պաշտոնյան, որ այցելել է Հայաստան ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն էր: Նրա այցը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին: Երեք անգամ մեր  երկիր այցելել է նաեւ ԳԴՀ  ԱԳ դաշնային նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որն այսօր զբաղեցնում է Գերմանիայի նախագահի պաշտոնը:

 

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կանցլեր Անգելա Մերկելը գերմանական ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան: Նա նաեւ Եվրոպայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Հայաստան է այցելում իշխանափոխությունից հետո: Նա ժամանել է Վրաստանից:

Ի դեպ, «Ռադիոլոր»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի աշխատակազմի ղեկավար Պետրե Մամրաձեն այն կարծիքին է, որ դաշնային կանցլերի այցի ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված է  հենց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ.

«Հիմա Հայաստանում մեծ են հույսերը: Բոլորը հասկանում են,  որոնք են դժվարություններր. եւ ահա՛, աջակցությունը նոր Հայաստանին, այն Հայաստանին, որտեղ ժողովուրդն աջակցում է առաջնորդներին, որոնք իրականում որեւէ կոռուցիայի մեջ չեն եղել, ինչը նշանակում է, որ նա չի կարող նահանջել բարեփոխումներից եւ ջանալու է ծրագրերը վերածելու իրական գործերի»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ այդ աջակցությունը Հայաստանի իշխանությունները կստանան:

Մերկելին տեղափոխող օդանավը «Զվարթնոց»-ում վայրէջք կատարեց Երեւանի ժամանակով 14:05 րոպերին: Կանցլերին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

Հայաստանի եւ Գերմանիայի առաջնորդների միջեւ հանդիպում տեղի է ունեցել տարբեր ժամանակներում եւ տարբեր առիթներով: Անգելա Մերկելի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ առաջին շփումը Գերմանիայում էր՝ դեռեւս 2003 թվականին, երբ Մերկելը գերմանական ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահն էր: Արդեն կանցլերի կարգավիճակում մերկելը Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել 2006 թվականի նոյեմբերից: Հանդիպումների ժամանակ էլ երկուստեք հայտարարվել է, որ երկկողմ հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են եւ անհատ ներդրողները կարեւոր դեր են խաղում Հայաստանում տարբեր տնտեսական ծրագրերի իրականացման գործում: Մի փոքրիկ տեղեկանք.

«Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել եւ գործում են տարբեր ոլորտների վերաբերյալ 45 ամաձայնագիր, 4 արձանագրություն, 5 հուշագիր, 2 համատեղ հայտարարություն եւ 4 հայտագիր՝ տարբեր ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ տեխնիկական համագործակցության մասին: Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին եթե խոսենք թվերով, այսպիսի պատկեր է: Ապրանքաշրջանառության ծավալները՝ արտահանման մասով 2015 թվականին կազմել է 140 մլն դոլար, իսկ 2017-ին այս ցուցանիշը նվազել է մինչեւ 132 միլիոնի: Գերմանիայից ներմուծման ծավալները 2015-ին կազմել են 202 միլիոն դոլար, իսկ 2017-ին՝ 206,5 մլն դոլար: Այստեղ նկատվել է աճ»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նկատեց, որ թեպետ գերմանական կապիտալով տնտեսական որոշակի ներգրավվածություն կա Հայաստանում, սակայն, հայ-գերմանական տնտեսական հարաբերություններն ամբողջությամբ կապիտալիզացված եւ զարգացած չեն:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Անգելա Մերկելի մոտեցումներին՝ նշենք, որ 2016 թ. ապրիլին ելույթ ունենալով ՀՀ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նա հայտարարել էր.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւոր դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, եւ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿում նախագահող երկիր, միջնորդների հետ միասին կփորձի արագացնել հակամարտության գոտում ամուր հրադադարի հաստատման գործընթացը: Կոչ եմ անում վերադառնալ բանակցային սեղանին: Հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է բոլոր երկրների շահերից, մասնավորապես՝ Հայաստանի, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը»:

Գերմանիան 2016 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևը Բունդեսթագն ընդունեց գրեթե միաձայն։ 2016 թվականի սեպտեմբերին էլ Մերկելը հայտարարեց, որ չի պատրաստվում «ետ քաշվել»  հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչեց որպես Ցեղասպանություն: Գերմանիայի կանցլերն օդանավակայանից այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում, այսօր նաեւ նկատեց, որ Անգելա Մերկելի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին, ուստի շատ մեծ հույսեր կապել այս այցի էֆեկտիվության հետ, պետք չէ, քանի որ չգիտենք, թե ինչ ուժեր իշխանության կգան Գերմանիայում: Այդ պարագայում անհրաժեշտ կլինեն թարմացումներ՝ ասաց քաղաքագետը՝  շեշտելով, որ ամեն դեպքում, հույս ունի, որ կքննարկվի կարեւոր հարցերի շրջանակ եւ այցը կարող է միայն դրական հետեւանքներ ունենալ:

 

Back to top button