

Հայհոյանքը որպես արտահայտվելու լավագույն միջոց նախընտրող քաղաքացիները կարող են լուրջ պատիժների առաջ կանգնել:
Փաստաբանների պալատն առաջարկում է Հայաստանում քրեականացնել «հայհոյանքը»: Պատիժը սահմանվում է տուգանքից մինչեւ ազատազրկում:
Հայհոյանքը թեեւ բարոյական որեւէ չափանիշի մեջ չի տեղավորվում, բայց վաղուց արդեն այն ամուր տեղավորվել է մեր առօրյայում եւ հայկական մշակույթի մաս է դարձել: Հայհոյանքի կարելի է հանդիպել կինոներում, սովորական զրույցներում եւ անգամ տարբեր տարիների խորհրդարաններում: Նույնիսկ Էթիկայի հանձնաժողովը չկարողացավ խորհրդարանում հայհոյող պատգամավորին կարգի բերել:
Փաստաբանների պալատն օրերս առաջարկել է քրեականացնել հայհոյանքը: Նախագիծն արդեն կա, հայտնի են նաեւ առաջարկվող պատիժները. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով կամ կալանք՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով: «Ռադիոլուր»-ը զրուցեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ՝ հասկանալու՝ ինչն է դրդել փաստաբաններին գնալ նման առաջարկի:
Հասկանալի է, որ խնդիրը ծագել է վերջին շրջանում աղմկահարույց գործերի պատճառով: Համացանցով ստացվող սպառնալիքների մասին առաջինն ահազանգեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բարսեղյանը, հետո հանրությունը սկսեց դժգոհել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից: Կրկին համացանցով ստացվող սպառնալիքների մասին ահազանգեց փաստաբան Հայկ Ալումյանը: Այս հարցում փաստաբանները նշում են նաեւ բարոյական կողմը:
Հանրությունը միանշանակ չի ընդունում հայհոյանքը քրեականացնելու առաջարկը: Չդադարող քննարկումները այս թեմայով սոցիալական ցանցերում շարունակվում են: Պատկերը մոտավորապես հետեւյալն է.
Դավիթ Մարկոսյան. «Հետաքրքիր է, սրա տակից տերմինալոգիան մշակող մասնագետները ինչպես են դուրս գալու»:
Սվետա Հայ. «Ժողովուրդը հայհոյել սովորեց Ազգային ժողովից, ինչու ԱԺ-ում կհայտնվեն խուլիգաններ ու նրանց կարելի է հայհոյել ,իսկ մյուսներին ՝ ոչ: Փաստաբանները նախ թող ԱԺ-ի հայհոյողներին պատժեն, հետո մյուսներին»:
Սամվել Գալստյան. «Այդ դեպքում պետք է քֆուրի աստիճանն էլ ճշտենք, որ դատարանները որոշեն՝ տուգանեն, թե կալանավորեն: Ամոթ է, լրջացեք »:
Արեւիկ Քիշմիրյան. «Մենք ապրում ենք ժողովրդավար պետությունում, հետեւաբար մարդու խոսքն էլ պետք է ազատ լինի»:
Մինաս Մելիքյան. «Տենց լինի՝ մեր պապերին ցմահ են տալու»:
Կարիեն Դանելյան. «Բա հիմա ուրիշ տարիներ են, ինչի՞ պիտի կրկնենք նույն սխալները: Սիրո եւ հանդուրժողության տարիներին ի՞նչ չարություն եւ հայհոյանք: Արդարադատությունը կապ չունի ահաբեկելու հետ»։
Վարդան Ադունց. «Հայհոյանքը դա նաեւ գնահատական է, իսկ գնահատականը շատ կարևոր է: Ես դեմ եմ»:
Աննա Մանուկյան. «Գերմանիայում այդ օրենքը գործում է»:
Փաստաբանների պալատը առաջարկում է նախատեսված կարգավորումները կիրառել հստակ ոլորտների համար:
Այն, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում եւ համացանցում սուր դրսեւորումներ կան՝ նկատել է նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ինչպես են փաստաբանները ձեւակերպում «հայհոյանք» ասվածը: Նախագծում նշված է. «խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի եւ հասկացությունների հրապարակային արտահայտում»: Փաստաբանների պալատի նախագահը չի բացառում, որ ցանկացած ձեւակերպումը տարընթերցումներ կարող է առաջացնել:
Եթե փաստաբանների առաջարկով հայհոյանքը քրեականացվի, ապա ինչպես են դատարաններում նույն փաստաբանները պաշտպանելու հայհոյողին՝ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան Արա Զոհրաբյանը վստահեցրեց, որ «անձի դատավարական իրավունքները պաշտպանված են լինելու»: Սա ընդամենը նախագիծ է, որը դեռ պետք է հասնի Աժ:




