

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս նշել էր, որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձրացել են 20 տոկոսով, ինչը նշանակում է, որ հայրենադարձություն է տեղի ունեցել:
Իսկ մեկ օր առաջ Սփյուռքի նախարարն Մխիթար Հայրապետյանը շեշտել էր, որ հայրենադարձությունը պետության կարևորագույն ուղղություններից մեկն է: Արդյոք կա՞ հայրենադարձություն:
Նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ են ժամանել մոտ 740 հազար ՀՀ քաղաքացիներ: Այս տարի նրանց թիվը հասել է մոտ 790 հազարի: Սրան զուգահեռ աճել են նաև մեկնումները: Մոտ 810 հազար ՀՀ քաղաքացիներ մեկնել են նախորդ տարի և մոտ 840 հազար այս տարվա առաջին կիսամյակում: Պաշտոնական վիճակագրությունը «Ռադիոլուր»-ին ներկայացնում է Միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Մաթևոսյանը:
«Ընդհանուր առմամբ՝ ՀՀ քաղաքացիների շարժունակությունն է ավելացել ու այդ ավելացումը տարեց տարի կա: Ակնհայտ է, որ հետհեղափոոխական Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է, սակայն դա մենք չենք կարող անվանել ներգաղթ»:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայրենադարձվածների վերաբերյալ կոնկրետ թվեր չունի, սակայն իր ուսումնասիրությունների արդյունքներն է հրապարակում:
Հայրենադարձությունը մեծ թափով կազմակերպելու հեռանկար կա, սակայն Հայաստանը դեռ պատրաստ չէ մեծ թվով հայրենակիցներ ընդունել՝ նշում է Սփյուռքի նախարարը: Ըստ նրա՝ հայրենիք վերադարձող ցանկացողների թիվը մեծ է, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք լուծելուց հետո միայն կարող են ակնկալել նրանց վերադարձը: Հայրենադարձվել ցանկացողներին հետաքրքրում է երկու հարց.
«Առաջինն օրինականության ապահովումն է երկրում: Ներդրումների անվտանգություն և երկրորդը՝ աշխատատեղերի հարցն է»:
Սրան զուգահեռ՝ մասնագիտական հայրենադարձությունն արդեն սկսվել է՝ ասում է նախարարն Հայրապետյանը: Նախարարը բացատում է, թե ինչ է մասնագիտական հայրենադարձությունը. պետական կառավարման համակարգում պետք է ապահովել սփյուռքահայերի ներգրավվածությունը:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ արդեն տևական ժամանակ է մասսայական ծավալներով ներհոսք չկա: Կան որոշակի տվյալներ, որոնք վկայում են, որ ուղևորաշրջանառության դրական մնացորդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է, բայց դա չի նշանակում, որ նվազել է արտագաղթը կամ աճել է ներգաղթը, ասում է.
«Դրանք ընդամենը ուղևորաշրջանառության տվյալներ են, որոնցում երկու երևույթ է ներառված՝ միգրացիոն և զբոսաշրջության երևույթն է»:
Ըստ ժողովրդագրի՝ չկան տվյալներ, որոնք ցույց կտան՝ որքան են միգրացիայի թվերը, որքան զբոսաշրջության: Իսկ մեծ թվով ներգաղթայլաներ ընդունելու համար Հայաստանը դեռևս պատրաստ չէ։ Եգանյանը կարծում է, որ ներկա իրավիճակին ներգաղթի միակ պայմանը հեղափոխությամբ պայմանավորված դրական սպասումներին են։




