Մշակույթ

Համատեղ ասուլիս՝ համատեղ ծրագրերի մեկնարկի մասին


Մշակութային ու կրթական գերատեսչությունների պատասխանատուներ Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանը այսօր հայտարարել են նշված ոլորտները միավորող երկու նախաձեռնության մեկնարկի մասին. դպրոցական աբոնեմենտային համակարգն ու «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն արդեն իրողություն են:

 

 

Համատեղ ասուլիս՝ համատեղ ծրագրերի մեկնարկի մասին. Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երկու ոլորտները միավորող համատեղ նոր ծրագրերն այսօր «գաղտնազերծեցին» Փարաջավովի հարկի տակ: Եվ այսպես՝ ծրագիր թիվ մեկ. Դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է 1-ից 12-րդ դասարանների աշակերտների համար:

Համակարգը ենթադրում է՝ «Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն(թանգարան կամ պատկերասրահ, թատրոն և համերգասրահ)մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն»:

Դպրոցական աբոնեմենտային համակարգը կգործի 2018-ի հոկտեմբերից: Ծրագիրն այս տարի փորձնական է, ընդգրկված են միայն մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող արվեստի օջախները: Հատագայում մշակութային կառույցների առաջարկած ծրագրերն անպայման զուգորդելու ենք դպրոցական կրթական ծրագրերի հետ»,-ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը հավելեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ, համակարգից այս տարի կօգտվի շուրջ 350 հազար աշակերտ՝ հետևյալ ձևաչափով.

«Յուրաքանչյուր աշակերտի անվճար կտրամադրվի անվանական աբոնեմենտ՝ բաղկացած երեք կտրոնից: Մշակութային երեք օջախներից յուրաքանչյուրը մուտք գործելիս հսկիչը կպատռի հերթական կտրոնը: Վերջինները հետագայում ներկայացվելու են համապատասխան գերատեսչությանը: Ֆինանսավորումը կիրականացվի ըստ ներկայացված կտրոնների»:

«Ծրագրի համար պետությունը կտրամադրի շուրջ 400 միլիոն դրամ, սակայն կարևոր են ոչ այնքան ներդրված գումարն ու ծրագրի ծավալը, որքան մեր առջև դրված նպատակաները: Մեր աշակերտների շփումը մշակույթի հետ ծրագրի թիվ մեկ նպատակն է»,-ընդգծեց կրթության ու գիտության նախարարը:

ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարությունների համատեղ երկրորդ ծրագիրը կոչվում է «Քո արվեստը դպրոցում»: Լիլիթ Մակունցի խոսքով, այն միտված է խթանելու դպրոցականների հետաքրքրությունը դեպի բարձր արվեստն ու ընթերցանությունը:

«Ծրագրում ընդգրկել ենք թիրախային երեք ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում հենց այսօր հայտարարել ենք մրցույթ, որին կարող են մասնակցել նշված ոլորտների ներկայացուցիչները՝ ներկայացնելով նախագիծ մի քանի բաղադրիչներով. այն պետք է ունենա ստեղծարար, ներառական և ինտերակտիվ մոտեցում: Այսինքն՝ ծրագիրը պետք է պարունակի հետաքրքիր որևէ գաղափար, որը կմեծացնի աշակերտների հետաքրքրությունը դեպի նշված ոլորտները: Ծրագրի առանցքային նպատակներից է նաև երեխաների մեջ քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի զարգացումը:

Մրցույթի արդյունքում կընտրվեն մշակույթի 50 գործիչներ, որոնցից յուրաքանչյուրին ծրագիրն իրականացնելու համար կտրամադրվի մեկ միլիոն դրամ:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում 50 արվեստագետներ իրենց ծրագրերով կայցելեն հանրապետության 1400 դպրոցներ, յուրաքանչյուրը՝ 30 դպրոց, որոնք կընտրվեն վիճակահանությամբ:

«Ըստ էության սա փոխշահավետ համագործակցություն է դպրոցի ու արվեստագետի միջև: Միաժամանակ՝ ծրագիրը հնարավորություն կտա ակտիվացնելու մշակութային կյանքը մարզերում և նպաստելու մշակույթի ապակենտրոնացմանը»,-հավելեց կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Back to top button