Ամուլսարում կրկին կրքերը թեժացել են
Շուրջ 50 օր փակ են Ամուսլարի հանքավայր տանող գրեթե բոլոր ճանապարհները: Մեկուկես ամիս անց էլ կողմերը շարունակում են միմյանց մեղադրել, ու հայտարարում են՝ չեն պատրաստվում զիջումների գնալ: «Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, հայտնելով սեփական կարծիքը, վստահեցրել է՝ այս պահին ընկերության օրակարգում հանքի շահագործումից հրաժարվելու ցանկություն չկա ու չի էլ կարող լինել:
Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ կրքերը չեն հանդարտվում: Վերջին մի քանի օրերին այստեղ իրավիճակը կրկին սրվել է: Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ ու արդեն մեկուկես ամիս դեպի հանքավայր տանող ճանապարհները փակած Վազգեն Գալստյանի խոսքով, ընկերության աշխատակիցները նախկինում ցանկացած տեղաշարժի մասին իրենց տեղյակ են պահել, այս անգամ գաղտնի են աշխատուժը տարածք մտցրել:
«Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտարարեց՝ ընկերությունն իրեն պատկանող տեխնիկան տեղաշարժել է։
Վազգեն Գալստյանի տեղեկացմամբ, առավոտյան ազդակիր Սարավան համայնքի բնակիչ կանայք «Լիդիանի Արմենիայի» դրդրմամբ, աշխատանքի են եկել, սակայն տեսնելով, որ ճանապարհը փակ է, զայրացած հետ են վերադարձել։
«Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանին փոխանցեցինք այս հայտարարությունը: Նա հստակեցրեց՝ ընկերությունը շուրջ 50 օր է չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտավորությունները, ուստի սկսել է աշխատողներին ազատել աշխատանքից:
Ազդակիր՝ Սարավան բնակավայրը Զառիթափ խոշորացված համայնքի կազմում է: Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը դժվարանում է ասել՝ կողմ է, թե դեմ հանքի շահագործմանը։
Արդեն 50 օր դեպի հանք տանող ճանապարհները փակած ակտիվ քաղաքացիները վստահ են՝ պայքարը արդյունք տալու է, հանքը չի շահագործվելու: «Լիդիան Արմենիա» ընկերության, իրավաբանը, սակայն, փոխանցելով սեփական կարծիքը, վստահեցնում է՝ այս պահին ընկերության օրակարգում հանքի շահագործումից հրաժարվելու հարց չկա ու չի էլ կարող լինել։