Միջազգային

ԱՄՆ սպառնում է շարունակել պատժամիջոցները. Իրանն անդրդվելի է

Ինչ զարգացումներ են սպասվում  Իրան-ԱՄՆ հարաբերություններում:  ԱՄՆ-ը սպառնում է Թեհրանին նոր  պատժամիջոցներով , Թեհրանը հորդորում է նահանգներին վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ կնքված պարտավորությունների կատարմանը:

 

Լարվածության նոր փուլ իրանա-ամերիկյան հարաբերություններում:  Առաջիկա ժամերի ընթացքում  միջազգային հանրությունը շունչը պահած սպասում է ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների շարունակման հայտարարությանը:  Associated Press-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի պահպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի փոխել  իր քաղաքականությունը:

Պոմպեոն ասել է, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Իրանի հետ երկխոսության համար, սակայն նախ անհրաժեշտ է, որպեսզի  մեծածավալ փոփոխություններ արվեն այդ երկրի ներսում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հորդորում է մի քիչ էլ սպասել, հնարավոր է ԱՄՆ-ն  մտափոխվի .

«Այսօր վաղը սպասենք, եթե որևէ փոփոխություն չլինի, արդեն 7-ից պատժամիջոցները կմտնեն ուժի մեջ: Ֆինանսական շուկայում Իրանը ի պատասխան նոր քայլեր է ձեռնարկում»:

Ըստ Deutsche Welle-ի, այս իրավիճակում իրանական ԶԼՄ-ները հաղորդում են  երկրում արժույթի շրջանառության կանոնները հեշտացնելու իշխանությունների ծրագրի մասին, ինչը  պայմանավորված է ազգային արժույթի կտրուկ անկմանը դիմակայելու մտադրությամբ և ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Թեհրանը, մասնավորապես, չեղարկում է փոխանակման կետերում ճկուն փոխարժեքներով առձեռն արժույթի վաճառքի արգելքը։ Բացի այդ, իշխանությունները մտադիր չեն սահմանափակել արժույթի կամ ոսկու ներկրումն Իրան, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղորայքը հնարավոր կլինի ձեռք բերել ամուր արժույթով, որն այդ նպատակների համար հասանելի կլինի նվազեցված փոխարժեքով:

ԱՄՆ- ին ոչ մի կերպ չի հաջողվում պատժամիջոցների միջոցով ցանկալի արդյունք ստանալ՝ Թեհրանն անդրդվելի է, այդ երկիրը կարողանում է ներքաղաքական կայունություն պահպանել՝ ասում է իրանագետը։ Նրա կարծիքով՝ սա ստիպում է Թրամփի մերձավորներին մտածել բանակցությունների միջոցով որևէ արդյունքի հասնելու մասին.

«ԱՄՆում ուզում են կառավարելի իշխանություն ունենալ Թեհրանում ու քանի որ դա չի ստացվում՛ գուցե գնան բանակցությունների ճանապարհովՇատ դեպքերում Իրանն է հրաժարվում հանդիպումից՝ պնդելով, որ ԱՄՆ միանա միջուկային համաձայնագրին ու կատարի իր պարտավորությունները»:

Իսկ պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Բայց ԱՄՆ նախագահ Թրամփը երեք ամիս առաջ հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին:

Մինչ այս նոր պատժամիջոցների կիրառման հավանականության մասին խոսելը՝ ակտիվ շրջանառվում էր Թրամփ- Ռոհանի հանդիպման հավանականության մասին: Իրանագետը այսօր էլ հավանական է համարում սեպտեմբերին Նյու-Յորքում  երկու երկրների նախագահների հանդիպման հավանականությունը:

Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մինչդեռ հուշում է ՀՀ –ի իշխանություններին աշխատանք տանել այդ կարևոր հանդիպումը Հայաստանում անցկացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը, որը  վերաբերում է Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:  Իրանի դեմ  պատժամիջոցները մտավախություն են առաջացնում նաև Հայաստանում, սակայն, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով,  հայ-իրանական հարաբերությունները նոր չեն հաստատվել և շատ ամուր հիմքերի վրա են ու դա որևէ կերպ չի վնասի երկու հարևան երկրների հարաբերություններին:

Օրվա երկրորդ կեսին նաեւ լուր տարածվեց, որ ԵՄ-ը արգելափակում է ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառումը իր տարածքում, ինչի մասին Բրյուսելու հայտարարել է  Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

 

Back to top button