ԿարևորՔաղաքական

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2018» զորավարժություններին

ՀՀ ՊՆ-ը հաստատում է, որ Հայաստանը կմասնակցի Վրաստանում վաղը մեկնարկելիք ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Սա հիշյալ զորավարժություններին Հայաստանի երկրորդ մասնակցությունը կլինի։ Մինչև օգոստոսի 15-ը անցկացվող վարժանքներին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 13 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը։

Վրաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին։ Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի և Նորիո ռազմաբազա են բերվել զորավարժությունների համար նախատեսված զինտեխնիկան, այդ թվում ամերիկյան Abrams տանկերը և Stryker հետևակային մարտական մեքենաները։ ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրների զինվորականները ևս Վրաստանում են։

Հայաստանի ՊՆ-ը հաստատում է, որ Հայաստանը կմասնակցի զորավարժություններին 4 հոգանոց սպայական կազմով։ Հայ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ ասել էր. «Հայաստանի ԶՈւ-երն այս պահին մասնակցում են զորվարժության պլանային փուլին»։

Նրա պարզաբանմամբ, զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

Ըստ վրացական մամուլի, Ադրբեջանը, որ անցյալ տարի վերջին պահին հրաժարվել էր մասնակցությունից, այսօր հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները կմեկնեն Թբիլիսի։ Վրացի ռազմական փորձագետ Վախթանգ Մայիսայայի խոսքով, այս տարի հայ և ադրբեջանցի զինվորականները առաջին անգամ միասին մասնակցություն կունենան «Արժանի գործընկեր» վարժանքներին։ Ըստ նրա, Վրաստանն ուզում է երկու հարևան երկրներին էլ տեսնել միջազգային այս զորավարժություններին։

Զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է

Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով: Այս տարեսկզբին Վրաստանի ՊՆ նախարար Լևան Իզորիան Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ հայ զինվորականները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին։ Իզորիան «Ռադիոլուր»-ի հետ զրույցում դրական էր գնահատել «Արժանի գործընկեր» զորավարժությանը անցյալ տարի Հայաստանի մասնակցության փաստը՝ հույս հայտնելով, որ «համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Մեր երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում է՝ նպաստել բարիդրացիական հարաբերությունների ու տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը»։

Ինչ վերաբերում  է հայ-վրացական ռազմական համագործակցությանը, վրացի ռազմական փորձագետի խոսքով, այն բարձր մակարդակի վրա է, թեև Հայաստանն ու Վրաստանը գտնվում են տարբեր արտաքին քաղաքական դաշտերում՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանը ցանկանում է անդամագրվել ՆԱՏՕ-ին․

«Մեր երկրների Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև գործող նախարարները լավ հարաբերություններ ունեն։ Մյուս կողմից հայ և վրացի զինվորականները միասին Աֆղանստանում մասնակցում են խաղաղարար առաքելություններին։ Հայաստանն ու Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունեն, որը բնականոն հունով զարգանում է»։

«Ուժը գործընկերության մեջ է» ուղերձով անցկացվող ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժություններն արդեն չորրորդ անգամ են անցկացվում Վրաստանում և նպատակ ունեն ամրապնդել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների համագործակցությունը, ուժեղացնել մասնակիցների պաշտպանունակությունը:

Back to top button