

Խոլերա տեսած Զարթոնք համայնքում կասկած չկա, որ խոլերայի հարուցիչները նորից գլուխ կբարձրացնեն, քանի որ տեղացիները հողերը ոռոգում են հիմնականում Սև ջուր գետից, որտեղ թափվում են նաև Արմավիր և Մեծամոր քաղաքների չմաքրված կոյուղաջրերը:
Իսկ Սև ջուր գետում ջուր չկա, բացի կոյուղաջրերից: Արարատյան արտեզյան ավազանի ջրերի նվազման պատճառով ացամաքել Սև ջուր գետը:
Զարթոնքի պոմպակայանի աշխատողները Սև ջուր գետում տեսնելով ջրի հոսք կատակում են՝ հոկտեմբերյանցիներն ու մեծամորցիներն այսօր շատ լողացել ու լվացք են արել: Լրագրողների այցելության պահին էլ Սև ջրում կանգնած կոյուղաջրեր էին: Գետում ջրի բացակայությունը ջրօգտագործողների ընկերությունների աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը բացատրում Արարատյան արտեզյան ավազանի անխնա օգտագործմամբ:
«Նախատեսված 34.7 խմ/վրկ-ի փոխարեն օգտագործվում է 55 խմ/վրկ ջուր: Ձկնաբուծարանների թույլատրելի ջրառը 12 խմ/վրկ, բայց ձկնաբուծական տնտեսությունները փաստացի օգտագործել են 35 խմ/վրկ: Անբարեխիղճ օգտագործման արդյունքում փաստորեն չունենք Սև ջուր գետ»:
Ձկնաբուծական տնտեսությունները գտնվում են հարակից Արարատի մարզում, հիմնականում Մասիսում, որոնք անխնա օգտագործում են արտեզյան ավազանի ջրերը՝ անջրդի թողնելով Արմավիրի մարզի գյուղնշանակության հողերը: Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը նշեց, որ միայն կոյուղու ջրերով ոռոգում հնարավոր չէ կազմակերպել: Հարցի լուծման նպատակով տարիներ շարունակ դիմել են կառավարությանը, բայց խնդիրը չի լուծվել:
Զարթոնքի շուրջ 1620 հա հողատարածքից մոտ 400 հա-ն աղակալված հողեր են: Տարիների ընթացքում դրանք կրկնակի են աղակալվել: Գյուղում ոռոգելի 400 հա-ից այս տարի մշակվել է ուղիղ կեսը, որոնք ոռոգվում են խորքային 4 հորի միջոցով: Զարթոնքի և հարակից մյուս գյուղերում դեռ անցած տարի նախատեսվում էր նոր հորերի հոտաում և վերականգնում: Արմավիր ՋՕԸ նախագահ Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ նախագծային աշխատանքներն ավարտվեցին, շինարարական մրցույթ կազմակերպվեց, հաղթող եղավ, բայց գործը չարվեց:
Նախորդ տարի Ախուրյանի ջրամբարում ջուր չլինելու պատճառով գյուղացիները բերքի կորուստ ունեցան, մտավախություն կար, որ այս տարի նույնպես ոռոգման ջուր չի լինի և անմշակ թողեցին գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը: Իսկ մշակողներն էլ հիմա են կանգնել խնդրի առջև:
Պոմպակայանին հարակից հողերում միայն սորգո մշակաբույսի կամ ավելի ցողուններն են նկատելի, այն դեռ չի հասունացել, չորանում են նաև մյուս մշակաբույսերը՝ սեխը, սմբուկը, լոլիկն ու պղպեղը:

Բույսերը չորացումից փրկելու նպատակով տարիներ առաջ ջրթող կազմակերպվեց Սևանի ջրից: Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշեց, որ պետք է ելք գտնել կառավարելու ավազանի ջրային ռեսուրսները:
Սև ջուր Ախթամար տեղամասի ենթակայության տակ գտնվող հողերի ոռոգումը կազմակերպելու և խոլերայի վտանգից խուսափելու նպատակով հնարավոր է ջրառ կազմակերպել Սևանից, որին դեմ են բնապահպանները: Իսկ արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների ջրերն ուղղվում են մասամբ Ստորին Հրազդան ջրանցք, մեծ մասն էլ՝ Թուրքիա:




