Հասարակություն

Առցանց առեւտուրն ու իրականությունը. ինչպես վերադարձնել անօրակ ապրանքը

Առցանց, թե ավանդական առևտուր. մինչ ամեն օր նորանոր TV կամ առցանց խանութներ են ի հայտ գալիս՝ տնտեսելով սպառողի ժամանակը, սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս  օգտվել ավանդական առևտրի կետերից, քանի որ այն ավելի վերահսկելի է:

Առցանց շուկայում ռիսկը մեծ է, սպառողը կարող է մոլորության մեջ հայտնվել, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարը:

«Ռադիոլուր» դիմած քաղաքացին վստահեցնում է՝ ինքը մոլորեցնող գովազդի զոհ է: Ամեն ինչ սկսվեց Տելեմարկետի տոլմա փաթաթելու սարքի գովազդից՝ ասում է զրուցակիցս: Այն գնելուց հետո պարզվել է, որ սարքը ոչ միայն չի ծառայում նպատակին, այլև փչացնում է մթերքը:

Պարզելու համար, թե ինչու նախապես չեն փորձարկել սարքը, կամ ինչու են մերժում սպառողին գնալ և տեղում պարզել որն է սարքի խնդիրը, զանգահարեցինք հենց տելեմարկետ:

Ավելի ուշ մեր զանգերն անպատասխան մնացին, թեև տեղեկացանք, որ հաճախորդի հետ արդեն կապվել են և փորձել են խնդիրը լուծել: Ինչևէ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը նշում է, որ սպառողը ցանկացած գնում կատարելիս պետք է վստահ լինի, որ ՀՀ տարածքում գործող օրենքները տարածվում են նաև առցանց առևտրի վրա: Ի վերջո, նմանատիպ  շուկայում ռիսկը մեծ է, որ սպառողը կարող է մոլորության մեջ հայտնվել:

Արդո՞ք մեր սպառողները վստահում են առցանց առևտրին, թե այնուամենայնիվ նախապատվությունը տալիս են ավանդականին:

Սպառողների մի մասը նախապատվությունը տալիս է առցանց առևտրին, մի մասն էլ խուսափում է նման գնումներից, քանի որ չի վստահում: Կոնկրետ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս օգտվել ավանդական առևտրից, քանի որ այն ավելի վերահսկելի է:

Իսկ եթե, այնուամենայնիվ, գնումները կատարել եք առցանց, և խնդիրներ եք ունեցել, ապա սպառողների իրավապաշտպանը հուշում է. առաջին հերթին դիմեք տնտեսվարողին, ներկայացրեք խնդիրը:

Եթե պարզաբանումը ձեզ չի բավարարում, դիմեք համապատասխան կառույցին՝ այն է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Back to top button