Հասարակություն

Արայի վազքը. Մարսելից մինչեւ Երեւան 3,5 ամսում՝ վազքով

Ֆրանսիայից Հայաստան հասնելու համար վազորդ Արա Խաչադուրյանն անցել է 9 երկրով, կտրել 4500 կմ, վազել 3,5 ամիս: Այսօր վազորդը հասել է Երևան:

 

Ֆրանսիահայ Արա Խաչադուրյանը այսօր առավոտյան 11:00-ին հասավ Հանրապետության հրապարակ։ Վազորդին սպասում էին անհամբերությամբ:

Ֆրանսիայից Մոնակո, հետո Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա, Սերբիա, ապա Եվրոպայի հարավ՝  Բուլղարիա, Հունաստան, Թուրքիայից, Վրաստան ու Հայաստան: Երկրների այս շարքում վերջին կանգառը Հայաստանում չէ, Ղարաբաղ պիտի գնամ՝ ասում է Արան:

Ճանապարհին եղանակը թե շոգ ու արևային է եղել, վազքը սկսել է առավոտյան 5:30-ին, վազել մինչև կեսօր՝ 3.5 ամիս ամեն օր, օրական մոտավորապես 50 կմ: Անգլիական ու ամերիկյան, նաև ֆրանսիական ու հայկական երաժշտությունն են Արայի ականջներում եղել, վազելիս ամենահաճախը հայ երիտասարդների ապագայի մասին է մտածել:

Դժվարություններն անցել են, էլ դրանց մասին չի խոսում, մտահոգություններ եղել են՝ ասում է:

Անգամ վազորդների համար է Արայի արածը ոչ սովորական ու անսովոր: Վազորդ Սուրեն Կաժոյանն ասում է, վազորդները մարաթոններից հետո մոտավորապես երկու շաբաթ հանգստանում են, այս դեպքում Արան վազել է 3.5 ամիս անդադար, ամեն օր: Այս ամենին գնալու համար պիտի ոչ միայն մարմինդ, այլև միտքդ պատրաստ լինեն դրան, ասում է:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն իր առավոտը սկսել էր վազքով՝  Արայի հետ: Արայի անցած ճանապարհն իր անցածի հետ չի համեմատվի, բայց կարևորում է լավ բան սովորելը:

Մարսելից սկսելը խորհրդանշական է՝ Մարսելի սիրտը շատ հայկական է՝ ասում է դեսպանը: «Մինչև վազքը Արայի հետ Մարսելում հանդիպեցի, հիմա արդեն պիտի խոստովանեմ, որ այն ժամանակ ես էլ էի կասկածանքով մոտենում Արային, բայց խոստացա՝  եթե ամեն ինչ հաջողվի, կդիմավորեմ իրեն Երևանում: Արան, երբ սկսեց իր վազքը, Հայաստանն ուրիշ Հայաստան էր, հասավ լրիվ այլ Հայաստան՝ նոր իրողություններով: Դա շատ կարևոր է ու հետաքրքիր»:

Մինչև 4500 վազքով անցնելը՝ Արան  Էվերեստի գագաթն էր հաղթահարել՝ Ցեղասպանության 100-ամյակին: Կլողա՞, կթռչի՞, գաղտնիքները չի բացում: Բայց սա Արա Խաչադուրյանի վերջին մարդասիրական ու խաղաղասիրական քայլը չէ, վստահեցնում է:

 

Back to top button