Մշակույթ

Գորիս. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի մշակութային խնդիրները

Հին ու ինքնատիպ մշակույթով  հայտի 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսը զերծ չէ նաև մշակութային խնդիրներից: Վաղնջական ժամանակներից մեզ հասած Հին Գորիսի քարանձավային ամֆիթատրոնի կողքին այսօր խորհրդային տարիներին կառուցված Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնն է՝ տասնամյակների չլուծված խնդիրներով՝ հանրային ընկալումից մինչև շենքային պայմաններ:

 

<<Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք>> միջոցառումների շրջանակում ԱՊՀ տարբեր երկրներից Գորիս ժամանած  շուրջ 150 պատվիրակներին զարմացրել էր հատկապես Հին Գորիսի քարանձավներից մեկը, որը, ինչպես ներկայացնում էին տեղացիները, տարածաշրջանի հնագույն թատրոնն է: Որքա՞ն են հիմնավոր տեղացիների պնդումները քարանձավային ամֆիթատրոնի մասին։

 

Զրուցում ենք արդեն ոչ քարանձավային, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ։ <<Թատրոնն այստեղ եղել է վաղնջական ժամանակներից, դրա մասին գրել են Սերո Խանզադյանը, պատմաբաններ: Թիվ, ցավոք, չեմ կարող նշել>>,- ասում է:

Ի տարբերություն քարանձավային թատրոնի, հայտնի է Գորիսի համեմատաբար ավելի նոր թատրոնի ստեղծման տարեթիվը: Իհարկե, նոր ասվածն այս դեպքում պարզապես հարաբերական է: 1938 թվականին կառուցված Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնն այսօր համարվում է հին, հին իր խնդիրներով, տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներով: Թատրոնն ավելի քան  մեկ տարի  ղեկավարում է հանրապետության վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը՝ շատերին հայտնի «Գարեգին Նժդեհ» ֆիլմից:  Նոր տնօրեն, նոր ծրագրեր, թատրոնի զարգացման նոր հեռանկարներ, բայց նաև ժառանգություն ստացած  բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասն առ այսօր լուծում չեն ստացել։

<<Թատրոնը նաև հաստիքներ խնդիր ունի: Աղքատիկ է հատկապես դերասանական կազմը։ Եթե դերասանուհիներից մեկը, օրինակ, ամուսնանա ու երեխա ունենա, կխաթարվի ամբողջ ստեղծագործական գործընթացը>>,- ասում է տնօրենը: Գորիսի թատրոնի առանցքային խնդիրն այս պահին շենքային պայմաններն են: <<Ռադիոլուրի>> հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից մեկն այսպիսի կարծիք հայտնեց. <<Հսկայական բերդ հիշեցնող այս շենքը  թատրոնի համար շատ անհարմար; Ավելի փոքր  ու հարմարավետ տարածքում մեր աշխատանքն ավելի արդյունավետ կարելի էր կազմակերպել>>:  Տեսակետի հետ համաձայն է նաև Շանթ Հովհաննիսյանը։

Գորիսի թատրոնն այս պահին մասնակի վերանորոգման փուլում է: Ճեմասրահն է վերանորոգվում՝ խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ: <<Թատրոնի սուղ միջոցներով փորձում ենք պատշաճ տեսքի բերել սանհանգույցն ու հարդասենյակները, ստեղծել տանելի պայմաններ ստեղծագործական աշխատանքի համար>>,- ասում է թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը:

 

Տնօրենի խոսքով, ծրագրեր կան, բայց դրանք իրականացնելու համար նաև ֆինանսներ են պետք: Տեղական ներդրողներն առայժմ չեն շտապում օգնել: Նրանց կողմից թատրոնն առայժմ  չի ընկալվում որպես արդյունավետ ներդրման միջավայր: Այդ գիտակցության ձևավորման համար էլ, ըստ զրուցակցիս, գուցե ժամանակ է անհրաժեշտ:

Կարդացեք նաև

Back to top button