Հասարակություն

Ինչո՞ւ է Թումանյան փողոցում բացվելիք պանդոկը կոչվում Ստալինկա


Օտարալեզու անուններով խանութներն ու հասարակական վայրերը կոչելը նորություն չէր, սակայն Արցախը Ադրբեջանին հանձնելու եւ Մոսկվայի պայմանագրի ճարտարապետներից մեկի եւ խորհրդային բռնապետ Ստալինի անվամբ ռեստորան-պանդոկի բացումը միանշանակ չի ընդունվել գոնե «Ռադիոլուրի» համար։

Ինչու՞ է Թումանյան փողոցում բացվելիք պանդոկը կոչվում Ստալինկա՝ պարզել է Ռադիոլուրը:

Երևան, Թումանյան փողոց, նորաբաց ռեստորան-պանդոկ: Մեր ժամանակների համար կարծես արտառոց ոչինչ չկա: Սակայն արտառոցն այդ հասարակական սննդի օբյեկտի անվանումն է՝ «Ստալինկա»:

Ինչու՞ հենց «Ստալինկա», և հենց մայրաքաղաքի սրտում: Եվ ի վերջո, ինչու՞ է հենց մերօրերին հիշել Ստալինի անունը, այն մարդու, ում դաժան ձեռքերով և միլիոնավոր անմեղ մարդկանց արյունով են համաշխարհային պատմության էջերում գրվել զանգվածային բռնաճնշումները, ստալինյան ճամբարները, սովի ու աքսորի անասելի տարիները, բազմազգ մտավորականության ջարդերը։  Ռեստորան-պանդոկի աշխատակիցները հասարական վայրի անվանումը կապում են 30-40- ական թվականներին Երեւանում կառուցված ստալինյան  նախագծի բնակարանային շենքերի՝ ստալինկաների հետ:

«Մեր քաղաքի 8 տոկոս շենքերը Ստալինկա են: Սա խոսում է պրոեկտի մասին: Իրենից մնացած լավագույն բանն է: Նույն տրամաբանությամբ, եթե Հայաստանում լինեին թալեաթյան ժամանակների շենք-շինություններ, պետք է դնեին անունը Թալեաթ:

-Ես էլ ասում եմ, որ եթե քաղաքում ընդունված լիներ, օգտագործվեր այդ թալեաթյան շենքերը, ապա կդնեի: Բայց եթե քաղաքում չեն օգտագործվում, ես ինչպես դա կդնեմ»:

Ի դեպ՝ «Ստալինկա» անվամբ ռեստորան- պանդոկի շենքը ստալինյան նախագծի շինություններից չէ։ Այն կառուցվել է մինչ այդ։

Ինչ վերաբերում է անվանը, ապա Հայաստանում չկա համապատասխան օրենք, որը կարգելի մարդկության դեմ հանցագործություն գործածների, քաղաքական խաբեբաների անունների գործածությունը՝ ասում է Հրանուշ Խառատյանը: Իսկ նման անունները կարող են լավագույն շահույթ ապահովել, անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերվում դրան:

Ազգագրագետի խոսքով՝ ազատ տնտեսության  պայմաններում  այս անունները կարող են օգտագործվել և չենթարկվել իրավական հետապնդման, հատկապես, որ  բարոյական հետապնդում Հայաստանում  մեծ հավանականությամբ չի լինի: Իսկ լինելու դեպքում՝ այն նույնպես  գովազդ է:

«Բոլոր դեպքերում դա ահազանգ է, որ Հայաստանում կարող են  տարածվել այդ կարգի անունները: Ինչու չէ՝ վաղը կարող է նաև Բերիա անվանվել: Եվ նույնիսկ Թալեաթ անունը իր ամբողջ ոճրագործ էությամբ կարող է շահույթի համար ֆոն ծառայել»:

«Ստալինկա» պանդոկից եթե քայլենք դեպի Նալբանդյան, ապա անկյունից մի քիչ ներքեւ կտեսնենք վահանակը, որը հայտնում է, թե որտեղ է բնակվել Ակսել Բակունցը՝ ստալինյան բռնություններ մեր մեծագույն զոհերից մեկը։ Եվ այստեղ կարող եմ հիշել նաեւ Մեծն Չարենցին, հայ հարյուրավոր մտավորականների։ Նաեւ կարող եմ հիշել Իսահակյանի խոսքերը՝ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ»։

Back to top button