Քաղաքական

Երևանի ավագանու արտահերթ նիստը տապալվեց


Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը  այսօր տեղի չունեցավ՝  քվորում չլինելու պատճառով։

Նիստին ներկա էր ավագանում ընդամենը 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Առաջադրված միակ թեկնածուն Երկիր Ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը մի խումբ համակիրների հետ եկել էր Երևանի քաղաքապետարան:Այս անգամ ոչ թե բողոքի ակցիա իրականացնելու,այլ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին աջակցելու համար: Նրանք պարզել էի Փոստանջյանի դիմանկարով պաստառներ ու վանկարկում էին քաղաքապետի իրենց թեկնածուի անունը:

Իսկ արդեն քաղաքապետարանի նիստերի դահլիճում Զարուհի Փոստնջյանի թեկնածությունը չքննարկվեց։ Քվորում չկա, գրեթե դատարկ դահլիճում հայտարարարեց  փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Հայտարարված 30 րոպե ընդմիջումից պատկերը դարձյալ նույն էր: Դահլիճում 65 անդամներից ներկա էին հինգը։ Քաղաքապետի միակ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր, ասաց, որ իր առաջադրման պաշտոնական գրությունը մուտք էր քաղաքապետարան դեռ անցած շաբաթ:  Զարուհին ասում է, որ իր համար կանխատեսելի էր նման արդյունքը, իրենց նպատակը արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Ինչու  ԵԼՔ  խմբակցությունը  որոշեց  թեկնածու չառաջադրել և նիստին էլ չմասնակցել: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասում է՝ այս ավագանին պետք է լուծարվի և լինեն նոր ընտրություններ:


«
Մենք հանգեցինք նրան, որ շատ ավելի ճիշտ կլինի ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը տան Երևանի բնակիչները, և ավագանու արտահերթ ընտրությունների միջոցով որևէ ուժին տալով մեծամասնություն՝ որոշեն, թե ով է լինելու քաղաքապետը»,- նշել է Խաժակյանը:

Խաժակյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների է գնում քաղաքային իշխանությունը վերցնելու համար։

Ավագանու Հանրապետական խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները։ Մասնակցելո՞ւ է արդյոք եւ եթե այո ինչ արդյունքներ է ակնկալում քաղաքային արտահերթ ընտրություններում ՀՀԿ- ն։ Հարցի պատասխանը խմբակցությանն անդամներից ստանալ չհաջողվեց։

Այսպիսով՝ կառավարությունը, ավագանու արձակումից երկու շաբաթվա ընթացքում հնարավորություն է ունենալու նշանակել արտահերթ ընտրության օր։ Առավելագույն ժամկետներով առաջնորդվելով՝ դա տեղի է ունենում սեպտեմբերի առաջին կեսին:

Back to top button