ԿարևորՀասարակություն

Հրապարակվել է «Մարդկային զարգացման ինդեքս-2013» ամենամյա զեկույցը. Հայաստանն առաջ է միայն Թուրքիայից

ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքս-2013» ամենամյա զեկույցը, որտեղ մեր երկիրը զբաղեցնում է 87-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը մեկ կետով ներքև է իջել աղյուսակում: Այս տարվա զեկույցում, որը վերնագրվել է «Հարավի աճը. Մարդկային առջաընթացը՝ բազմազան աշխարհում», ընդգրկվել է 187 երկիր: Աղյուսակը, ինչպես և անցյալ տարի, գլխավորում է Նորվեգիան: Նրան հետևում է Ավստրալիան, ապա՝ ԱՄՆ-ը:

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև հաջորդաբար՝ Նիդեռլանդները, Գերմանիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Ճապոնիան: Հայաստանն իր հարևան բոլոր երկրների հետ մտնում է երկրորդ՝ «Բարձր մարդկային զարգացում» խմբի մեջ. այս խմբում են ընդգրկված 48-ից 94-րդ տեղը զբաղեցնող երկրները: Մեր հարևաններից ամենաբարձր դիրքում՝ 74-րդ տեղում Վրաստանն է, որն, ի դեպ, մեկ տարվա ընթացքում բարձրացել է 3 կետով: Վրաստանից հետո Իրանն է, այնուհետև՝ Ադրբեջանը: Հարևաններից 3 կետով Հայաստանն առաջ է միայն Թուրքիայից:

Նշենք՝ «Մարդկային զարգացման ինդեքսն» ամենամյա զեկույց է: Այն աշխարհի երկրների բնակչության կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և եկամուտների ցուցանիշների հիման վրա մշակված համապարփակ վիճակագրություն է, որով երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող 4 ընդհանուր խմբերի՝ խիստ բարձր, բարձր, ցածր և միջին: «Մարդկային զարգացման զեկույցը» հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 1990 թ.-ից:

Back to top button