

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում օրերս տեղի ունեցած միջոցառումների ցանկում նաև Հին Գորիսում կազմակերպված ձեռագործության փառատոնն էր:
Մայրաքաղաքից ու ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած հյուրերին հաճելիորեն զարմացրել է հատկապես Հին Գորիսի քարանձավային «ցուցասրահը». սյունեցի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի ու Արցախի նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանը տարիներ առաջ որոշեց արվեստանոց դարձնել Հին Գորիսի քարանձավներից մեկը, որն այսօր դարձել է տեղի մշակութային խճանկարի ամենաինքնատիպ պատկերներից մեկը:
Հին Գորիսի քարանձավային «ցուցասրահին» ծանոթացել է նաև Ռադիոլուրը։
«Երբ ներս ես մտնում, սկզբում ոչինչ չես տեղնում, համատարած մութ է, պատկերներն ուրվագծվում են աստիճանաբար: Ներսում քիչ եմ աշխատում, հիմնականում դրսում եմ նկարում, դրա համար էլ հիմնականում ամռանն եմ այստեղ լինում: Վառարան էլ ունեմ, բայց ցուրտ է, ի վերջո, քարանձավ է»,-իր ստեղծած «քարանաձավային ցուցասրահի» առանձնահատկություններն է ներկայացնում գեղանկարիչ, քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանը։

«Ամառ, ձմեռ ջերմաստիճանն այստեղ 16 աստիճան է: Վերջին մարդն այս քարանձավներից դուրս է եկել շուրջ 80 տարի առաջ, երբ հիմնադրվեց Գորիս քաղաքը»:

Լքված քարանձավներից մեկն էլ ութ տարի առաջ նա որոշեց դարձնել արվեստանոց: Այսօր այստեղ հավաքվում ու հաճելի ժամանակ են անցկացնում ոչ միայն նկարիչ ընկերները, տեղի մշակույթի գործիչները, այլև Գորիս այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները: Հազարամյակների պատմություն ունեցող քարանձավները նրանց վրա ցնցող տպավորություն են գործում։

Էկզոտիկ, գայթակղիչ, բայց նաև խնդիրներից ոչ զերծ: Քարանձավի նկարիչն իր ցուցասրահ-արվեստանոցի հոգսերից է նաև խոսում․ «Ջրահեռացման խնդիր կա»։

Ժիրայր Մարտիրոսյանի գեղանկարչական աշխատանքներից զատ քարանձավային ցուցասրահում նաև շուրջ 3 հազար տարեկան կճուճներ են, պղնձե սափորներ, հնագիտական այլ առարկաներ, չնայած հնագիտական ուսումնասիրություններ այստեղ չեն իրականացվել:

Նկարիչը, գոնե, նման դեպք չի հիշում: Մինչդեռ, տարածաշրջանի 10 հազարից ավելի քարանձավներն, ըստ նրա, հնագիտական հարուստ նյութ են պարունակում:




