

Մոսկվայում գործող «Գավիթ» հայկական թատրոնը որդեգրել է՝ «Օտար ափերում հային հայ պահելու» սկզբունքը:
Արդեն 8 տարի գործող թատրոնն իր յուրօրինակ ներկայացումներով վեր է հանում համազգային նշանակության հարցեր: Օրերս Դիլիջանում, բացօթյա հրապարակում հայ հանդիսատեսին ներկայացրեց Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» ստեղծագործության հիման վրա բեմադրած «Վերջին արքա» ներկայացումը:
Մոսկվայի թատերասեր հասարակությունն արդեն 8 տարի ծանոթ է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի Հայորդյաց տան «Գավիթ» թատրոնին: Թատրոն, որն իր յուրօրինակ ներկայացումներով, վեր է հանում համազգային նշանակության հարցեր` ցեղասպանությունից մինչև միգրացիա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Համլետ Ղալեչյանը, ով այս օրերին Երևանում է, «Ռադիոլուրին» պատմել է թատրոնի անցած ուղու ու Հայաստան այցելության մասին:
«Գավիթում» ընդգրկված դերասանները Հայորդյաց տան նախկին սաներ են, ինչպես նաև Հայաստանից գնացած դերասաններ, ովքեր այստեղ սովորել են հայ թատրոնի նվիրյալների արվեստանոցներում:
Օրեր առաջ «Գավիթը» հայ հանդիսատեսին ներկայացրեց Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» ստեղծագործության հիման վրա բեմադրած «Վերջին արքա» ներկայացումը: Այն այելու հնարավորություն ունեցավ վդիլիջանյան հանդիսատեսը, այն էլ՝ բացօթյա հրապարակում:
Համլետ Ղալեչյանն ասում է, որ չնայած տասնամյակից ավելի ապրում է Մոսկվայում, բայց չի տեսել մի հայ, որ ինչ-որ պահից սկսած չցանկանա վերադառնալ հայրենիք, իսկ այս ներկայացումը հենց դրա մասին է:
Համլետ Ղալեչյանը անկեղծանում ու ասում է, որ Մոսկվայի թատերասեր հասարակությանը զարմացնելը դժվար է: Պետք է բեմադրես այնպիսի գործեր, որ հանդիսատեսին գրավես:
Իսկ հայ հանդիստեսին հատկապես հետաքրքիր է, երբ բեմադրվում են հայ դրամատուրգների գործերը. սակայն այստեղ էլ պետք է գտնել ոսկե միջինը, քանի որ Մոսկվայում ապրող հայրերն արդեն ունեն լեզվի խնդիր և ոչ միայն:
Նշենք, որ «Գավիթ» թատրոնը հնարավորություն ունեցավ այցելել հայրենիք՝ շնորհիվ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս սրբազանի. Համլետը Ղալեչյանի խոսքով՝ թատրոնը որդեգրել է օտար ափերում հային հայ պահելու սկզբունքը:




