
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Ս. Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ Երեկոյան ժամերգության ավարտը:

Այսօր Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:
Ցուցարարները պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել է:
Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել. «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով Գեղարդի կոթառի միջից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է իրեն՝ փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս մասին ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրելով Սուրբ Գեղարդը:
«Այն 18-րդ դարի 60-ական թվականներից պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց հայրապետերի հատուկ հսկողության ներքո»,-ասաց Տեր Ասողիկը:




