
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիր
Այսօր Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում բացվեց արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի մարզային բաժնի Բաղրամյանի բաժանմունքը: Վարչական շենքը հիմնանորոգված է, ապահոված նոր տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին որակյալ սպասարկել: Բաժանմունքը իր ծառայությունները կիրականացնի մարզի 23 համայնքում: Բացմանը ներկա էր գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Սամվել Եգանյանը:
Զինվորական կառույցի աշխատակիցները տարբերվում են սև գույնի համազգեստով, ծառայողները շարք էին կանգնել դիմավորելու ծառայության ղեկավարի տեղակալին, որին էլ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ տրվեց նոր բաժանմունքի շենքի բացման պատիվը: Դատական ակտերի հարկադիր կատարման գլխավոր խնդիրը օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումն է, սակայն դրա հետ մեկտեղ բարելավվում է համակարգի կատուցվածքը, նյութատեխնիկական բազան` նպաստավոր պայմաններ ստեղծելով աշխատակիցների գործունեության համար: Կտրելով կարմիր ժապավենը գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը շնորհավորեց գործընկերներին նոր մասնաշենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնեց մատուցվող ծառայության որակի բարձրացման համար:
Համակարգում բոլոր ծառայություններն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, բաժանմունքն ապահովված է տեղեկատվական նոր տեխնոլոգիաներով, որի գործարկումն ավելի արդյունավետ է ու քիչ ծախսատար նաև ժամանակի առումով: Այս մասին տեղեկացրեց ԴԱՀԿ ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը:
Դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի մարզային բաժնում միայն 2011թ հարուցվել է 6702 կատարողական վարույթ, 2012 թ-ին ` 7116, այսինքն կատարողական վարույթներն աստիճանաբար ավելանում են, որոնց մեծ մասը պայմանավորված է բանկերին ու վարկային կազմակերպություններին ունեցած պարտքերով, որն իրականացվում է գույքի բռնագանձմամբ:




