

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ուշադրության կենտրոնում տարիներ շարունակ եղել են նախագծեր, որոնք նպատակ են ունեցել նպաստել տեղական կինոյի զարգացմանն ու համատեղ արտադրությունների քանակի ավելացմանը:
GAIFF pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը հայտնել է, որ առաջին անգամ սկսում են GAIFF Pro հարթակը, որով փորձելու են ստեղծել Փոքր Կովկասի համար ֆիլմերի պրոֆեսիոնալ հարթակ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման 15 և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի 10 հաջողակ տարիներից հետո «Ոսկե ծիրանը» տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար Երևանում սկսում է կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակ՝ GAIFF Pro:
Ներկայացնելով նոր նախագիծը՝ GAIFF pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը հայտնեց, որ ծրագրին կմասնակցեն ռեժիսորներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նկատեց, որ փառատոնի փափագն էր ունենալ նման մի ծրագիր, ինչպիսին GAIFF Pro-ն է, քանի որ փառատոնը առաջին իսկ տարիներից տարբեր ձեւաչափերով ունեցել է նախագծերի զարգացման հարթակներ: Նրա խոսքերով, սակայն, այժմ ձեւավորում են նոր հարթակ, որի արդյունքում մի տանիքի տակ են հավաքվելու բոլորը:
GAIFF Pro-ի գլխավոր գործընկերներից է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Դալար Ղազանչյանն իր խոսքում կարևորեց «Ոսկե ծիրան»-ի հետ համագործակցությունն ու նոր հարթակի ձևավորումը:




