

Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի աջակցությամբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «Ռադիոլուրը» օրերս Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքներում էր՝ ծանոթանալու տեղի խնդիրներին, ներկայացնելու դրանք լայն հանրությանը:
Հիշյալ համայնքների ցանկում նաև Սևքարն էր՝ նշանավոր որպես սևքարեցի Սաքոյի ծննդավայր: Հրաշալի բնության մեջ ծվարած գյուղն այսօր, ցավոք, առանձնանում է իր հոգսերով. աշխատատեղերի, ոռոգման ջրի բացակայություն և այլն:
Տավուշի մարզի Սևքար համայնքը հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկում է: «Որպես այդպիսին որոշ արտոնություններից օգտվում է, բայց գյուղի բազմաթիվ խնդիրները դրանով չեն լուծվում». համայնքի բնակիչ Գագիկ Աբազյանի հետ ենք զրուցում.
«Հողի հարկն են հեչ արել, բայց խնդիրներ կան: Սուր է հատկապես ոռոգման ջրի հարցը»:

Սևքարեցի Սաքոյի գյուղից բազմաթիվ երիտասարդներ այսօր արտագնա աշխատանքի են մեկնում ընտանիքի ապրուստը հոգալու համար: Իսկ տանն ամեն ամիս անհամբերությամբ սպասում են նրանց ուղարկած գումարին, որպեսզի մարեն խանութի ու մյուս պարտքերը:

Գյուղամիջի խանութի վաճառողուհին պարտքերի հաստափոր ցուցակն է ցույց տալիս, երբ հարցնում ենք ՝ հնարավորություն ունե՞ն մարդիկ առևտուր անելու, թե ոչ:
Աշխատանք, ոռոգման ջուր, բերքի իրացում. Սևքարի բազմաթիվ խնդիրների ցանկում նաև բուժծառայություններից օգտվելու խնդիրն է: Տիկին Լենայի համար այս պահին դա առաջնային է:
Նաև Սևքար է հասել լուրը, որ երրորդ երեխայի ծննդյան նպաստն ավելացել է: Արդյոք դա կնպաստի ծնելիության աճին, հարցիս զրուցակիցս պատասխանում է.
«Դժվար, բայց շատերը կան, որ երեխա են ունենում, որ այդ գումարով վարկերը մարեն: Ասում են՝ վարկերը կմարենք, էրեխեն էլ մեզ օգուտ կմնա»:

Սևքարեցի իմ մյուս զրուցակիցը ներկայանում է որպես ազատամարտիկ, ասում է՝ սահմանամերձ համայնքներում բոլորն են ազատամարտիկ: Չորս զավակ ունի, չորսն էլ բարձրագույն կրթությամբ, բայց «Կրթությունը ստացել ու շվարած նստել են», ասում է ընտանիքի հայրը:
Քանի բնակիչ ունի համայնքը հարցիս, զրուցակիցս պատասխանում է՝ ըստ էլեկտրիկների ցուցակի շուրջ 500 լույս է վառվում Սևքարում:
«Եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի մետր ենք հեռու, դա քիչ չէ, բայց պետությունն էլ իր հերթին պիտի այնպես անի, որ այդ լույսերի թիվը չպակասի»,-ասում է սևքարեցի Սաքոյի ազատամարտիկ հայրենակիցը:




