

Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին Հայաստանի տարբեր մարզերից Երևան եկած ֆերմերները։ Նրանք իրենց բողոքի ակցիան յուրօրինակ էին կազմակերպել:
Անվճար կաթ՝ Հանրապետության հրապարակում. ինչպես և խոստացել էին, գյուղացիներն այսօր ցածր գնով կաթը մթերելու փոխարեն դրանք անվճար բաժանում էին քաղաքացիներին.
«Գնացել են շշերը բերեն, որ բաժանենք: Որակով կաթերը վերջանում են: Ես կաթի տեր եմ, լցնում եմ մի ծանոթի»:
Գյուղացիները դժգոհ են՝ վերամշակող ընկերությունները կաթը մթերում են 120 դրամով, վաճառում են մի քանի անգամ բարձր գնով.
«Եկել ենք տարբեր տեղերից՝ Կոտայք, Գեղարքունիք: Մեզանից 120 դրամով ընդունում են, իսկ խանութները կաթը վաճառում են 450դրամով: 200 դրամից սարքել են 120 դրամ:
«Ռադիոլուրը» խնդրի շուրջ զրուցեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ:
«Տարեսկզբին գները բարձր էին՝ պայմանավորված տարբեր գործոններով՝ հիմնականում նրանով, որ եղանակը բարենպաստ չէր, խոտը թանկ էր: Որպեսզի գլխաքանակի ջարդ չլինի, հորդորել ենք կաթ վերամշակողներին, որ բարձր գնով մթերենք: Հետագայում տարին անցնում է, սմուրային պահվածքից անցնում ենք արոտային պահվածքի, շուկայում կաթի պահանջարկը մեծանում է: Անձրևները շատ են եղել, յուղայնությունն ընկել է»:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հարցնում եմ՝ գյուղատնտեսության նախարարությունն արդյոք ունի՞ կաթ մթերող ընկերություններին գին թելադրելու լիազորություն.
«Նման լիազորություն չունի, բայց մեզ համար միևնույն չէ, թե գյուղացին կաթը ինչ գնով է մթերում: Դրա համար մենք մի ամիս բանակցությունների մեջ ենք, բայց նաև չենք կարող տնտեսվարողին պարտադրել ֆիքսված գնով կաթը մթերել»:
Փոխնախարարը փոխանցեց՝ կփորձեն հնարավորինս շուտ լուծումներ գտնել:




