Երկրաշարժը վերացնում է երկրակեղևի լարվածությունը. մասնագետ
Երկու օրում երեք երկրաշարժ և 12 հետցնցում Հայաստանում: Սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է Հայաստանի սեյսմիկ ակտիվության մասին և բացատրել, թե ինչու պետք չէ խուճապի մատնվել։
Ալավերդին Սպիտակը չէ, և երկրաշարժն էլ այնքան ուժգին չի եղել, ինչքան որ Սպիտակում, բայց բնակիչներն իրենց վրա զգացել են երկրակեղևի ցնցումը՝ ասում է Ավալերդու բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության» կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:
Ալավերդին իրար հաջորդող երկարաշարժից զգոն է, խուճապ էլ է նկատվում, ասում է:
Իսկ Երևանում սեյսմոլոգները վերահսկում են իրավիճակը և կարծում են, որ երկու օրվա ընթացքում հանրապետությունում գրանցված երեք երկրաշարժից ու դրանց հաջորդած հետցնցումներից պետք չէ խուճապի մատնվել։
Սեյսմիկ պաշտպանության և անվտանգության հարցերով ԱԻՆ նախարարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանն ասում է՝ ցանկացած երկրաշարժ (նույնիսկ ամենաթույլը) վերացնում է երկրակեղևի լարվածությունը, և սա երկրաշարժի միակ դրական կողմն է։
Պետրոսյանը նշեց, որ Սպիտակ քաղաքում գրանցված ցնցումները պայմանականորեն կարելի է գնահատել «միջին ուժգնության»։
Ցնցվեց կրկին Սպիտակը, բայց առեղծված փնտրել պետք չէ՝ վստահ է սեյսմոլոգը: Ամեն բան իր գիտական բացատրությունն ունի:
Միևնույն ժամանակ՝ Սպիտակի տարածքում գրանցված միջին ուժգնության երկրաշարժը մասնագետներին ստիպում է կրկնապատկել, եռապատկել ուժերը հետագա սցենարը հասկանալու համար։ 88-ի աղետն այսօր կրկնվել չի կարող:
Օլեգ Դուլգարյանն այս հարցով մտահոգ է: Մարդիկ ամենատարրական ձևով անգամ պատրաստ չեն երկրաշարժին:
3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղում։ Ավելի ուշ` 17:07-ի սահմանում, երկրորդ երկրաշարժը գրանցվել է նաև Սպիտակի տարածքում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5-6 բալ է կազմել։ Երկրաշարժին հաջորդել է 12 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր: