Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը՝ այսօր
Երևանում այսօր Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը, որն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն կյանքի է կոչվում մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:
Արամ Խաչատրյանի մրցույթի բացման արարողությանը կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այսօր հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է կոմպոզիտորի անունը կրող 14-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ: Խաչատրյանական մրցույթի հաղթողի պատվին արժանանալու համար կպայքարեն 9 երկրի 16 երաժիշտներ:
«Այս մրցույթի կարևորագույն նպատակը Խաչատրյանի արվեստի հանրահռչակումն է: 14 տարիների ընթացքում մենք 1000 հայտ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ առնվազն հազար երաժիշտ ծանոթացել է Խաչատրյանի արվեստին, սովորել է նվագել նրա ստեղծագործություններից որևէ մեկը»,- մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիսում նշեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
«Մրցույթի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ հետագայում հանրահայտ դեպքեր ունենալն է: Լավագույն օրինակը Նարեկ Հախնազարյանն է, որն ուղիղ 12 տարի առաջ դարձավ խաչատրյանական մրցույթի հաղթող»:
Խաչատրյանի մրցույթի կարևորագույն ձեռքերումների ցանկում «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն առանձնացրեց անդամակցությունը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (2013 թվականին), ինչը մրցույթի բարձր վարկանիշի հստակ ցուցանիշ է:
Մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին, որի բնորոշմամբ, ինչպես յուրաքանչյուր երաժշտական մրցույթից, այս դեպքում էլ կարևորագույն ակնկալիքը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է:
Արամ Խաչատրյանի մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այսօր հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նա իր խոսքում նշեց, որ Խաչատրյանի մրցույթում ձեռք բերած Ոսկե մեդալն իր կյանքի առաջին կարևորագույն նվաճումն էր:
«Հաղթանակը հայրենիքում, իհարկե, մեծ պատիվ էր, և մինչ օրս մեծ պատվով եմ կրում Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողի տիտղոսը: Շատ լավ հիշողություններ ունեմ, ուշադիր հետևում եմ մրցույթին և ուրախանում նրա առաջընթացով ու հաջողություններով»: