Գազի և էլեկտրաէներգիայի սակագները հնարավոր է նվազեն
Մասնագետները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք գազի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության շուրջ ծավալված հերթական քննարկումներն անձի՞, թե՞ համակարգային փոփոխություններով են պայմանավորված:
Պատկան մարմինները մինչեւ օգոստոս դեռ կփորձեն հասկանալ սա, իսկ մինչ այդ համակարգում այլ փոփոխություն է տեղի ունենում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Տաշիր Գրուպ» ընկերությունների միջև նախանշված պայմանագիրն է չեղարկվում:
Հայաստանի կառավարությունում սկսվել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության շուրջ բանակցությունները: Դրա մասին խորհրդարանում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Քննարկումների արդյունքի դրական ելքի դեպքում սակագները կնվազեն: Եթե ոչ՝ հանդես կգան հայտարարությամբ ու կպարզաբանեն:
Սակագնի ձևավորման մեջ հաշվարկվում է ԱԱՀ-ն, ամորտիզացիոն ծախսերը, ձեռքբերման գինը, կորուստները՝ տեխնոլոգիական ու առևտրային, փոխարժեքի տատանումներն ու ոչ միայն:
Տնտեսագետ, հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ չնայած ՀԷՑ-ում կորուստների ցուցանիշը նվազել է, սակայն դեռ անելիքներ կան՝ նախկին 12-ի փոխարեն այժմ 9 տոկոս է:
«Աշխարհում 4-5 տոկոսանոց կորուստը»:
Եվ ՀԷՑ-ը, և «Գազպրոմ Արմենիան» հանրային կազմակերպություններ են, ուստի օգտվել են պետական գնումների համակարգից: Զրուցակիցս այստեղ էլ ոչ արդյունավետ ծախս ու մրցակցության պակաս է նկատում:
1998թ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Այն 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություն էր: Ընկերության գործունեության տեսակներն են.
- ՀՀ-ում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում,
- Հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրություն,
- Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առուվաճառք բաշխողին կամ անմիջապես սպառողին կամ արտահանողին,
- Հողմաէլեկտրակայանի կառուցում,
- Բնական գազի օգտագործման ցանցի կառուցում
ՀՀ կառավարությունը 2017- ին օգոստոսի 24-ի նիստում որոշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ- ն հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին: Այժմ պայմանագիրը չեղարկվել է:
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը», — հայտարարել է նախարարը։
Թե որ կետերը ձեռնտու չէին, նախարարը չի հստակեցնում, վստահեցնում է ՝ գաղտնի գործարքներ չեն եղել:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ էներգետիկ համակարգի պետական ընկերությունները մշտապես վնասով են աշխատել, իրականացվել է ոչ արդյունավետ մենեջմենթ:
Տնտեսագետը նշում է՝ թափանցիկ ու արդյունավետ աշխատելու հնարավորություն կլինի այն դեպքում, երբ ԲԷՑ-ի ծախսերը բաց ու հանրային կդառնան: