
Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը:
Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը եւ շփումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Քննարկվել են դաշնակցային փոխգործակցության հրատապ հարցերը, ներառյալ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հունիսի 1-ին Դուշանբեում կայանալիք նիստի եւ Ալմաթիում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հունիսի 11-ի նիստի նախապատրաստումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի կառույցների գործունեությունը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ նախարարները քննարկել են երկկողմ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գծով պլանավորվող շփումները:




