
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն այս շաբաթ դիմել են Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացման հարցերով զբաղվող հանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Արցախին և Հայաստանին ԱՄՆ-ի օգնության ծավալները և Ադրբեջանի կողմից բռնությունները կանխելուն ուղղված քայլեր իրականացնել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Փալոնին և Շիֆին՝ ևս մեկ անգամ իրենց ձայնն ուղղելու Կոնգրեսին, մեր համայնքին և մեր կոալիցիոն գործընկերներին՝ Հայաստանի և Արցախի հետ կապված 2019 ֆինանսական տարվա արտաքին օգնության առաջնահերթությունները բարձրաձայնելու համար»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Ես կարծում եմ, որ 2019 ֆինանսական տարվա բյուջեն պետք է արտահայտի Հայաստանի Հանրապետության անկախության ուժեղացման, Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման և Հայաստանը՝ որպես Միջին Արևելքի վտանգված փախստականների համար տարածաշրջանային ապաստանի աջակցելու հանձնառությունը»,- ասված է Փալոնի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ուղղված նամակում:
Փալոնը հիշեցրել է հայերին ԱՄՆ-ի տրամադրած օգնության երկար պատմությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, և նշել է, որ ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը շարունակվել է՝ օգնելով Սառը պատերազմի ավարտին ժողովրդական բարեփոխումներ իրականացնել և շուկայի վրա հիմնված տնտեսություն ստեղծել:
«Այս բարեփոխումներն այժմ լիովին երևում են ապրիլին տեղի ունեցած խաղաղ ցույցերից հետո, երբ դրանք հանգեցրին մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ժողովրդավարական և արդար ընտրությանը»,- ասել է նա:
Փալոնը 20 միլիոն դոլարի հատկացում է խնդրել Հայաստանում ապաստան փնտրող ավելի քան 20 000 սիրիացի փախստականներին աջակցելու համար, ինչպես նաև 6 միլիոն դոլար՝ Արցախում իրականացվող ծրագրերի իրականացման համար:
Նա նշել է, որ այսօր էլ շարունակվում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ մասամբ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության պատճառով, և կոչ է արել Կոնգրեսի առաջնորդներին չեղարկել Ադրբեջանին տրամադրվող բոլոր տեսակի ռազմական օգնությունները և 4 միլիոն դոլար հատկացնել շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու համար: Նա նաև 30 միլիոն դոլար տնտեսական օգնություն և 10 միլիոն դոլար ռազմական օգնություն է խնդրել Հայաստանի համար:
«Հայաստանը դուրս է եկել անկայուն քաղաքական ժամանակահատվածից և զանգվածային ցույցերից՝ ունենալով նոր վարչապետ, և ես կարծում եմ, որ սա կարևոր պահ է խորացնելու մեր համագործակցությունը Հայաստանի հետ և առաջարկելու մեր աջակցությունը՝ ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ ժողովրդավարություն կառուցելու գործում»,- ասել է Ադամ Շիֆը՝ Հայաստանին և Արցախին 2019 ֆինանսական տարվա համար հատկացվող օգնության իր առաջնահերթությունները ներկայացնելով:
Ավելի վաղ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովներին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:




