
Որո՞նք են հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթ մարտահրավերները, ինչպե՞ս կընթանա իշխանության փոխանցումը նախկին վարչակազմից նորին, որո՞նք կլինեն արտաքին ու ներքին քաղաքականությունների մարտահրավերները եւ ու՞ր է ուղղված արտաքին ու ներքին քաղաքականությունների ուժագիծը- այս հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը:
Քննարկման մասնակիցները համակարծություն են հայտնել, որ Հայաստանում տեղի են ունեցել չափազանց կարեւոր իրադարձություններ, սակայն, առաջացած լուրջ ճգնաժամը դեռեւս հաղթահարման փուլում է: Փորձագետները առաջարկել են նաեւ, ըստ իրենց, ճգնաժամից դուրս գալու լուծումներ:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նոր վարչապետի կաբինետի ձեւավորումը հարթ չի ընթանալու եւ, նրա ձեւակերպմամբ, ունենալու է ստորջրյա հոսանքներ: Փորձագետի ձեւակերպմամբ՝ արտաքին եւ ներքին քաղաքականությունները փոխկապակցված են, հետեւաբար՝ այդ առումով հարցերը բավականին շատ են.
«Այս նոր կառավարությունը եկել է նոր որակի ներքին քաղաքականության օրակարգով եւ պետք է հասկանալ, որ դա չի կարող չունենալ նոր որակի արտաքին քաղաքականություն»:
Քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ պետք է ձեւավորվի փոքրամասնության կառավարություն: Աշխարհում նման փորձ շատ քիչ կա, սակայն, անգամ այդ պարագայում Հայաստանում ստեղծված իրավիճակը միանգամայն տաբեր է այդ փորձերից:

Փորձագետբները խոսեցին նաեւ նոր կառավարության համար ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին՝ ըստ իրենց: Շեշտեցին, որ արտաքին առումով՝ կարեւորը Արցախի խնդիրն է եւ, այդ առումով, էական նշանակություն ուներ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շեշտադրումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի իշխանությունների հետ:
Քննարկման մասնակիցները կարծում են, որ ժողովրդավարությունն ու թափանցիկ կառավարումը Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչներից է, սակայն, հաշվի առնելով Արցախի խնդրի առկայությունը, ինչ-որ սահմանափակում պետք է նկատի ունենալ այդ ամենում: Ինչպիսի՞ լուծումներ կգտնվեն այդ երկու իրողությունների համադրության համար՝ փորձագետները, սակայ, դժվարացան առավել հստակորեն նկարագրել կամ կանխորոշել:




