«Թավշյա» հեղափոխության երգերը
«Հռոմը գնում է կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակել և միայն զվարճանում են»,-գիտակցելով երգի, երաժշտության ազդեցությունը մարդու հոգեբանության վրա, գրում էր հույն պատմաբան Լուկավիոսը դեռևս մեր թվարկության սկզբում:
Այդ գիտակցությունը մեր ազգային մշակույթը սնուցող երակն էր ավելի վաղ ժամանակներում: Մեր պատմության ճակատագրական բազմաթիվ էջեր սերունդներին են փոխանցվել ոչ միայն գրչի, նաև երգի, պարի միջոցով:
Վերջին մեկ ամսում Հայաստանը ցնցած թավշյա հեղափոխությունը ևս պատմության մեջ կամրագրվի այդ օրերին ստեղծված բազմաթիվ երգերով:
Մեր պատմության նշանակալի յուրաքանչյուր էջ ամրագրվել ու սերունդներին է փոխանցվել նաև այդ շրջանում ստեղծված ժողովրդական բանահյուսության, մասնավորապես երգերի միջոցով: Ժողովրդական բանահյուսությունից զերծ չմնաց նաև երեկ հանգուցալուծում ստացած «Իմ քայլը» շարժումը: Թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին երգեր ձոնեցին երգիչ Արամեն, Թաթան, վերջին օերերն «Դուխով» երգով հայտնի դարձած Հրագը և ուրիշներ:
Շարժման հիմն ու երաժշտական խորհրդանիշը դարձավ «Իմ քայլը» ստեղծագործությունը, որը հնչում էր ոչ միայն հանրապետության հրապարակում՝ հանրահավաքների ժամանակ, այլև ավտոմեքենաներում, խանութներում, վարսավիրանոցներում, կարճ ասած՝ երկիրը լսում էր «Իմ քայլը»:
«Իմ քայլը» շարժման հիմնը դարձած համանուն երգի կատարող, երաժշտության հեղինակ ու ձևավորող Հայկ Ստվերը՝ իրականում Հայկ Հայրապետյանը, արդեն վեց տարի ապրում է Կիևում: Հայաստան է վերադարձել օրեր առաջ՝ սատարելու շարժմանը, որի մասնիկն է նաև հարազատ եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը: Հենց նա էլ միջնորդել է, որ եղբայրը Նիկոլ Փաշինյանի խոսքի հիման վրա երգ գրի ու կատարի այն: Հայկը միանգամից չի համաձայնել:
Հայկի խոսքով, ոմանք վախեցել են, ոմանք էլ այնպիսի գումար պահանջել, որ հնարավոր չէր վճարել: Ի վերջո, որոշել է գրել երգը: Նիկոլ Փաշինյանը լսել ու հավանել է: Երգը երևանյան յուրաքանչյուր անկյունում լսելիս հեղինակն այսօր երջանկության, հպարտության զգացումներով է լցվում:
Հայկը մասնագիտությամբ դիզայներ է, պրոֆեսիոնալ երաժիշտ իրեն չի համարում, չնայած գրել, գործիքավորել ու կատարել է բազմաթիվ երգեր, բայց, ինչպես ինքն է ասում, ուշադրության չի արժանացել, մնացել է ստվերում: Հենց դրանով էլ պայմանվորված է երիտասարադի ՝ Հայկ Ստվեր կեղծանունը: «Քայլ արա» երգը հաջողություն բերեց ոչ միայն համանուն շարժմանը, այլև հեղինակին՝ նրան դուրս բերելով ստվերից: Հայկին նորանոր երգեր, հաջողություններ: