Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3 ստորագրություն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի և ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատեց, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կողմ էին քվեարկել 45 պատգամավոր, իսկ ՀՀԿ-ն կապահովի, որ վաղը Հայաստանն ունենա վարչապետ:
«Սա եղել է կուսակցության ու խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն, այստեղ կուսակցության բաժանում չկա՝ մեր միասնական որոշումն է»,- շարունակեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը չմանրամասնեց, թե կոնկրետ ովքեր կողմ կքվեարկեն, և քանի ձայն ՀՀԿ խմբակցությունից կտրվի Նիկոլ Փաշինյանին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում վիճաբանության մասին լուրերին, Շարմազանովն ասաց, թե ինքը նման լուրի մամուլից է ծանոթացել, անձամբ որևէ նման ինֆորմացիայի չի տիրապետում:




