Փաշինյանի կաբինետը պետք է ընտրի անցյալի սխալները խմբագրելու ճանապարհը. տնտեսագետ
Հարկային եկամուտների ավելացում՝ ստվերի կրճատման հաշվին: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նոր ձևավորվելիք կառավարության այս քաղաքականությունն է կարևորում:
Միաժամանակ նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետը ընտրվելու դեպքում կառավարությունը ձեւավորելու է քաղաքական փոքրամասնությունը եւ գործադիրի նախաձեռնությունները կարող են բախվել ՀՀԿ պատգամավորների բացասական գնահատականին: Դե իսկ այս պահին դեռ իշխանություն համարվող ՀՀԿ-ի ձևավորած կառավարության ներկայացուցիչներն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց կատարած աշխատանքներն են ներկայացրել:
Ինչու՞ են հենց այս պահին Կարեն Կարապետյանի կառավարության անդամները ցուցանիշեր ներկայացնում եւ արդյո՞ք արվածը առավելագույնն էր:
Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներն այսօր անուղղակի ամփոփում էին այս տարվա անցած ամիսների ցուցանիշերն ու համեմատում նախորդ տարիների հետ: Գերատեսչությունների ֆեյսբուքյան էջերում պարբերաբար տեղեկատվություն էր տեղադրվում այս տարվա անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նմանատիպ մի քանի գրառումներ էլ անձամբ վարչապետի պաշտոնակատարն էր տեղադրել: Օրինակ՝ 2018 թ․ առաջին չորս ամիսներին, 2017 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային եկամուտների 15 տոկոս աճ է գրանցվել: Մաքսային գանձումներն ավելացել են մոտ 13, ներմուծումը՝ 43, արտահանումը՝ մոտ 30 տոկոսով:
Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ վիճակագրությունն ավելի մանրամասն ու որակյալ վերլուծելու համար ամփոփ տվյալներ են պետք: Դրանք այս պահին բացակայում են: Այդուհանդերձ, տնտեսագետը նշում է՝ ֆորմալ առումով հարկային եկամուտների աճ կարող է լինել, սակայն տնտեսական զարգացում՝ ոչ:
«Օրինակ, պղնձի գները կարող են բարձրանալ, ֆորմալ առումով ունենաս հարկային եկամուտների աճ, բայց դա չի նշանակում, որ ունես արդյունավետության որևէ բարձրացում»:
Մանուկյանը հիշեցնում է՝ 2018թ հունվարի մեկից շրջանառության մեջ դրվեց ՀՕ-ը, որը բավականին հարկային ծանրաբեռնվածություն էր բիզնեսի համար, ուստի և չի բացառվում, որ հարկային եկամուտների ավելացումը սրանով է պայմանավորված։
«Ինչը կարող էր որոշակի ժամանակահատվածում բերել նաև հարկային եկամուտների աճի, սակայն, հարկային եկամուտների արդյունավետության աճի մասով, համեյանդեպս հրապարակված թվերը դրա պատասխանը չեն տալիս»:
Գրեթե բոլոր գերատեսչություններն այս պահին են հրապարակում ցուցանիշերը, որպեսզի դրական ֆոն հաղորդեն՝ ասում է տնտեսագետը:
Մանուկյանը անուրանալի է համարում 2016-ի համեմատ 2017-ի դրական միտումները: Միաժամանակ մեկ անգամ ևս բարձրաձայնում է՝ խնդիրը տնտեսական հարթությունում չի, հիշեցնում է ոչ հավասարաչափ բաշխված եկամուտների և տնտեսության բարձր կենտրոնացվածության մասին:
«Այդ բարիքները պայմանավորված են կոնկրետ օրինակ ՌԴ-ում համեմատաբար ավելի կայուն վիճակով, որոշակի խումբ արտահանողների ավելի բարեկեցիկ պայմաններով: Սակայն դրանք ամբողջական հասարակության համար հավասարաչափ աճի չեն բերում»:
Արտակ Մանուկյանը կարծում է, որ հասարակության ակնկալիքները չափազանցված են: Սա մի կողմից լավ է, համակարգային բարեփոխումներն արագություն կունենան, մյուս կողմից էլ՝ պարտավորեցնող են: Տնտեսագիտորեն է բնութագրում՝ առկա է սոցիալական կապիտալի բավականաչափ աճ, սա վստահությունն է, և համագործակցության պատրաստակամությունը:
«Հարկային եկամուտների ավելացում, մասնավորապես՝ ստվերը տեսնելը և հարկելը: Սա լակմուսի թուղթն է, որ կառավարությունը կարող է անել: Այստեղ, սակայն, մի օբյեկտիվ խոչընդոտ էլ կա, հասկանալի է, որ եթե վաղը վարչապետը ընտրվի, ունենալու է քաղաքական փոքրամասնություն, և կամայական նմանատիպ նախաձեռնություն կարող է բախվել ՀՀԿ պատգամավորների դեմ քվեարկությանը»:
ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ նոր ձևավորվող կառավարությունը պետք է առաջ գնա անցյալի սխալները ճշգրտելու ճանապարհով: Ոգևորությունը շատ արագ կմարի, եթե էական շտկումներ չլինեն, փոփոխությունները պետք է արմատական լինեն՝ ասում է:
Տնտեսական քաղաքականությունը արմատապես չփոխելու դեպքում նորից նույնն է լինելու: Գործնականում անհնար է, որ յուրաքանչյուրն իր բինզնեսն ունենա՝ ասում է Սաֆարյանը: Նա խոշոր արդյունաբերական համալիրների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում:
Ըստ Սաֆարյանի, նոր կառավարության կազմում պետք է կյանքի ու աշխատանքի փորձ ունեցողներ ներգրավվեն, որոնք կարող են ոչ թե տնտեսագիտական այս կամ այն երկրի փորձից, այլ արտադրական պահանջներից ելնելով քաղաքականություն վարել։