

Կարեն Կարապետյանի կառավարության վերջին դռնփակ նիստն ավարտվել է առանց ճեպազրույցի:
Կառավարության պաշտոնակատար անդամներն այսօր վերջին անգամ վարչապետի պաշտոնակատարից հանձնարարական են ստացել, միայն թե այդ հանձնարականը նրանք մի քանի օր են միայն կատարելու:
1 տարի 7 ամիս. Կարեն Կարապետյանի թիմն այսքան աշխատեց: Արդեն հստակ է՝ սա այս կառավարության վերջին նիստն էր՝ դռնփակ նիստը: Այսօր էլ չխախտվեց ավանդույթը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց՝ վերջինը.
«Իմ վերջին հանձնարարականը իմ բոլոր գործընկերներին. բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները՝ մինչև կառավարության նոր կազմը ձևավորելը։ Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի անկախ էմոցիայից, անկախ վերջերս հնչած արդար թե անարդար քննադատությունից»։
Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը դժվարանում է ասել՝ ինչպիսին էր Կարեն Կարապետյանի տրամադրությունն անցնող օրերին: Չգիտի նաև , թե ինչով է զբաղվելու Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատարի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: Գիտի միայն՝ ինքը կաշխատի մինչև վերջ:
Հարցին տեսնո՞ւմ է իրեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, թե՞ ոչ, Մարտիրոսյանը դիվանագիտորեն է պատասխանում:
«Ժամանակը ցույց կտա»:
Այս կազմով կառավարության վերջին նիստից իր տպավորությունները փոխանցեց նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:
«Ուրախ էինք, որ կարողացանք իրար հետ աշխատել»:
Ալթունյանը փոխանցեց նաև այսօրվա նիստի տխուր տպավորությունները.
«Բաժանվելը միշտ տխուր նոտա է»:
Կաշխատի՞ Փաշինյանի հետ, թե՞ ոչ՝
«Դա արդեն կանխատեսումների ժանրից է, բայց կարծում են Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով»:
Կառավարության նիստի վերջում Կարեն Կարապետյանը չխախտեց ավանդույթը.
«Ձեզ լավ աշխատանք»:
Հաջորդ շաբաթ արդեն կառավարության նիստը կվարի նոր վարչապետը: Կլինի՞ այն դռնփակ թե՞ ոչ՝ պարզ չէ, հստակ է միայն, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է՝ նիստերը բաց են լինելու։




