ԿարևորՔաղաքական

Մամուլի ազատության նվազման միտում Հայաստանում՝ ըստ միջազգային կառույցի


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող քայլերի առնչությամբ:

Կազմակերպությանը մտահոգել են հատկապես վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնցով գործադիրի նիստերը  դառնում են դռնփակ, փոխվում է Երևանի ավագանու նիստերի լուսաբանման ձևաչափը:

Լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները կարող են լրացվել ևս մեկով՝ ապրիլի 9-ի գլխավոր քաղաքական իրադարձությանը՝ Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, լրագրողները չեն մասնակցի:

 

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, լրագրողները կհետևեն ինտերնետային հեռարձակման միջոցով, խորհրդարանից: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը պարզաբանում է, որ  այլ դեպքերում էլ  լրագրողները ԱԺ նիստերի  դահլիճ մուտք գործելու իրավունք չունեն և դրանց  հետևում են  առանձնացված սրահներից։ Նույն սկզբունքով կկազմակերպվի նաև ապրիլի 9-ի հատուկ նիստի լուսաբանումը, պարզապես լրագրողները դրան կհետևեն  ոչ թե համալիրից, այլ Ազգային ժողովից:

Լրագրողական կազմակերպությունների կարծիքով՝  սա լրագրողների աշխատանքը սահմանափակող  հերթական քայլերից մեկն է: Սրան նախորդել են մի քանի օրեսնդրական փոփոխություններ, որոնք նույնպես մտահոգությունների առիթ են դարձել: Կառավարության նիստերը փակ անցկացնելու, Երևանի ավագանու նիստերին հեռակա կարգով հետևելու օրենսդրական փոփոխությունները գրավել են նաև լրագրողական միջազգային կառույցների ուշադրությունը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարը սա Հայաստանում մամուլի ազատության նվազման միտում է որակում,  կոչ է անում խորհրդարանին վերանայել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության  իրավունքը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը մտահոգել է մարտի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն կառավարության նիստերն  այսուհետ դռնափակ կանցկացվեն: Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ այս փոփոխությունները չեն քննարկվել լրագրողական համայնքի հետ: Մտահոգությունը կիսում են նաև տեղական կազմակերպությունները:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին նույնպես մտահոգում է  վերջին շրջանում  նկատվող  միտումը՝  լրագրողը սկսել է  ընկալվել որպես բարիկադի հակառակ կողմում կանգնած մեկը:

Իսկ օրենսդրական փոփոխությունների հեղինակները մտահոգվելու լուրջ առիթներ չեն տեսնում: Մասնավորապես կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկի հեղինակ արդարադատության նախարար  Դավիթ Հարությունյանը կառավարության վերջին բաց նիստից հետո հայտարարեց՝  մտափոխվելու խնդիր չի տեսնում:

Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողոությունն ուղիղ չլուսաբանելու մտահոգություններն ԱԺ-ից փարատում են նաև այն  հիշեցմամբ, որ  այս անգամ լրատվամիջոցների մասնակցության այլ ֆորմատ էլ կգործի: Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ներկա գտնվելու հնարավորություն կունենա շուրջ 50 լրատվամիջոցի ղեկավար:

Կարդացեք նաև

Back to top button