

Պատերազմի վտանգը մշտապես կա՝ անկախ Ադրբեջանում ընտրություններ են, թե ոչ: Այդ հավանականությունը Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ դրանից հետո նույնն է, ինչ եղել է նախկինում: Այս կարծիքին է արեւելագետ Արտյոմ Տոնոյանը:
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պատերազմի վերսկսման սպառնալիք Ադրբեջանը միշտ է կիրառելու, սակայն դրա հավանականությունը պայմանավորված է նաեւ խաղացող խոշոր տերությունների մոտեցումներից:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով պրիլի 11-ին Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունների, դրանց շուրջ Ադրբեջանում և երկրից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ փորձագետները նաեւ դիտարկել են Ադրբեջանի հետընտրական հնարավոր զարգացումներն ու դրանց ազդեցությունն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելուց ընդդիմադիր բոլոր ուժերն են հրաժարվել, իսկ այն թեկնածուները, որոնք մասնակցում են՝ դա կատարում են Իլհամ Ալիեւի հրամանով եւ նրա պահեստային սցենարին համապատասխան: Այս համոզմունքին է արեւելագետ Արտյոմ Տոնոյանը:
Դա տեսանելի է նաեւ ադրբեջանական հանրության համար՝ կարծում է Արտյոմ Տոնոյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ նաեւ այն, որ որեւէ մեկը չի ներկայացնում Ալիեւի տեսակետից ըստ էության տարբերվող մոտեցում, մասնավորապես, ԼՂ հակամարտության հարցում՝ չհաշված փոքր նյուանսները: Այս դիտարկումները կիսեց նաեւ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Արեւելագետ Արտյոմ Տոնոյանը նկատեց, որ պատահական չէ այն, որ Ալիեւի դեմ դժգոհություններն ու բողոքները, «Վերջ բռնապետին» լոզունգով հակաալիեւյան քարոզարշավը սաստկացան Ադրբեջանից դուրս եւ հենց դրանից, իրապես, անհանգստացած է Իլհամ Ալիեւը, քանի որ տեղի է ունենում իրապես ընդդիմադիրների համախմբում, կոչ է արվում, որ ընդդիմադիրները համախմբվեն նաեւ Ադրբեջանի ներսում:
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նման շարժումներ միշտ էլ եղել են եւ դրսում, քանի որ ներսում ցանկացած շարժման հնարավորություն փակված է եւ անընդհատ փակվում է:
Արեւելագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո Ալիեւը փորձելու է ավելի ինտենսիվացնել Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացը՝ մշտական եւ իրեն հատուկ պատերազմի վերսկսման սպառնալիքներով:
Ըստ նրա՝ այդ կերպ է նաեւ Ալիեւը փորձելու չեզոքացնել ներքին խնդիրները: Արեւելագետը նկատեց, որ պատահական չեն ալիեւամետ քաղաքագետների եւ վերլուծաբանների կողմից հաճախակի դարձած ռազմական գործողությունները վերսկսելու շեշտադրումները:
Արեւելագետ Արտյոմ Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի: Նրա անցկացրած զորավարժություններն էլ, ըստ Արտյոմ Տոնոյանի, ոչ այնքան ուղղված էին Արցախին, որքան ադրբեջանական հասարակությանը՝ որպես ընտրությունների շրջանում վախի ու սպառնալիքի մեջ պահելու միջոց:




