
2018 թ. համար նախատեսված պլանային ստուգումների հետ համատեղ պետք է իրականացվեն նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանվելու է ըստ ռիսկայնության:
ԱԻՆ-ից մանրամասնում են, որ ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստում նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքների և առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը:
Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծել է, որ հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև տվյալ օբյեկտի գործատուի, աշխատակցի, մասնավորապես՝ անվտանգության աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածության մակարդակը:
«Անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակում և տիրապետեն առաջին օգնության ցուցաբերման հմտություններին: Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ՝ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտությու», — ասել է նա:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն էլ նշել է, որ վերջին օրերին տնտեսվարողներից բավականաչափ զանգեր են ստացվել իրենց կազմակերպություններում հրդեհային անվտանգության հետազոտություններ իրականացնելու խնդրանքով:




