Վերլուծական

Բակո Սահակյանի Վաշինգտոն այցը՝ նոր ազդակ՝ արցախյան հարցում

Ապրիլյան պատերազմին ադրբեջանական կողմի կատարած հանցագործությունների հետ կապված փաստաբանական խումբը դիմումներ ուղարկել է ՄԻԵԴ:

Այս մասին հայտնելով՝ փաստաբանական խմբի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նաեւ կարծիք է հայտնել, որ դա ճիշտ քայլ էր:

Ըստ նրա, սակայն, դրա հետ զուգահեռ պետք էր նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել։ Երեւանյան մամուլի ակումբներում այսօր ամփոփվել են ապրիլյան պատերազմի դասերը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստաբանական խմբի կողմից, գրեթե բոլոր զոհերի ընտանիքները ներկայացնելով, դիմումներ են ուղարկվել Եվրոպական դատարան: Խմբի անդամ Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ ներկայացված դիմումները երկու մասի են բաժանվում: Առաջինը վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում 20-ից ավելի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական կողմի իրականացրած դաժանություններին, խոշտանգումներին, և հենց այս մասի գործերն են վարույթ ընդունվել:

Բացի սրանից, կան մի քանի հարյուր մարդկանց դիմումներ, որոնք վերաբերում են բնակավայրերը թողնելու, սեփականության հետ կապված հարցերին՝ ասաց նա: Լարիսա Ալեվարդյանը նկատեց, որ Ադրբեջանը ցուցադրաբար իրեն հակադրում է միջազգային հանրությանն ու նորմերին: Նա չի բացառում, որ Ադրբեջանը կարող է կրկին դիմել ռազմական գործողությունների:

Ապրիլյան պատերազմի դասերին անդրադառնալով՝ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ հայությունը դրանից մեկ հիմնական դաս ունի քաղելու:

Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով հարցին, թե ապրիլյան պատերազմից 2 տարի անց ի՞նչ է փոխվել արցախյան հակամարտության հարցում, ասաց, որ Մադրիդյան սկզբունքների ոչ մի ստորակետ չի  փոխվել, ոչ էլ այն հիմնախնդիրը, որը եղել է: Սակայն, նա նոր ազդակներ է տեսնում ԼՂ հարցում եւ դա, ըստ Լարիսա Ալավերդյանի, Բակո Սահակյանի հրավերքն էր Վաշինգտոն:

Նրա կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ բացվել է հնարավորությունների մի նոր դաշտ և դրանից պետք է հնարավորինս օգտվել: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի դիտարկմամբ նույնպես՝ Արցախի նախագահի այցը Վաշինգտոն իր տեսակի մեջ կարող է նոր քայլ լինել ընդհանրապես Արցախի հիմնախնդրի կարգավորման համար:

«Արցախը, կարծես թե, միջազգային օբյեկտից սկսում է դառնալ միջազգային սուբյեկտ: Սա, ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր երեւույթ է: Ի՞նչ կտա սա, ինչի՞ համար դա եղավ: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն Արցախի նկատմամբ, կարծես թե, նոր մոտեցում է սկսում ցուցաբերել»:

Եթե ԱՄՆ-ն գնում է կոնտակտի ճանապարհով, ինչը, իհարկե չի նշանակում, որ վաղը նրանք Արցախը ճանաչելու են որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ապա Մինսկի խմբի ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան եռանկյունում այս մետեցումը որպես կոնսենսուս կարող է շարունակվել:

Հետեւաբար, ըստ Արման Նավասարդյանի, դա կարծես թե փոխում է առ այսօր գոյություն ունեցող իրավիճակն այս խնդրի նկատմամբ: Նա նույնպես կարծում է, որ այստեղ հայկական դիվանագիտությունը պետք է ճկունություն ունենա եւ օգտագործի բոլոր միջոցները:


Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էլ համոզված է, որ նման պարագայում եւ այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում, հայկական կողմը կարող է հնարավորություն ունենալ Ադրբեջանին վերջնականապես պարտություն պարտադրելու:

Կարդացեք նաև

Back to top button