Մշակույթ

Համահայկական նվագախումբը հանդես կգա Արցախում

Հայաստան-Արցախ մշակութային կամուրջ՝ վավերացրած հուշագրով ու տասնյակ միջոցառումների հստակ ծրագրով: Առաջիկա ծրագրերի ցանկը համատեղ ասուլիսում այսօր ներկայացրել են Հայաստանի ու Արցախի մշակութային գերատեսչությունների ղեկավարները:

Համագործակցության շրջանակում առաջիկա խոշորագույն միջոցառումը՝ «Համահայկական նվագախմբի» համերգը,  տեղի կունենա մայիսի 9-ին, Ստեփանակերտի հրապարակում:

 

Հայաստանի ու Արցախի մշակութային գերատեսչությունների ղեկավարներն իրենց համատեղ ասուլիսն այսօր սկսեցին,  Արմեն Ամիրյանի ձևակերպմամբ՝ հրաշալի լուրով:

Արցախյան գործընկերոջ հետ մշակութային համագործակցության շուրջ շատ կարճ ժամանակ առաջ ստորագրած հուշագիրն արդեն միս ու արյուն է ստանում:

«Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ մենք մշակել  ենք մշակութային համագործակցության բազմաթիվ ծրագեր, որոնք  այս տարի Արցախ-Հայաստան կապն ամրապնդելու են  մշակութային գետնի վրա: 2018-ին բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել Գորիսում, որովհետև այն հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Այս տարի մենք իրականացնում ենք «Արցախ, իմ սեր» ծրագիրը՝ 33 խոշորագույն միջոցառումներով: Իրականացնում ենք «Աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը, որի շնորհիվ համատեղ ուժերով վերանորոգելու ենք Ստեփանակերտի թատրոնի շենքը»:

2017-ին մեկնարկած «Մշակութային կանգառ» ծրագիրը կշարունակվի նաև 2018-ին՝ Հայաստանի հարավային ուղղությամբ շարժվելով դեպի Արցախ և մշակութային կանգառներ իրականացնելով Ստեփանակերտում, Շուշիում ու Արցախի ամենատարբեր բնակավայրերում:

Արցախ-Հայաստան. մշակութային համագործակցության շրջանակում իրականացվող առաջիկա խոշորագույն միջոցառումը մայիսի 9-ին Ստեփանակերտի հրապարակում կայանալիք «Համահայկական նվագախմբի» երկրորդ համերգն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Համահայկական նվագախմբերի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հիշեցրեց, որ  «Համահայկական նվագախմբի»  առաջին համերգը կայացավ 2017-ի ապրիլի 24-ին, Երևանում:

«Մեզ հաջողվեց Հայաստան բերել ու մեկ նվագախմբում միավորել բարձրակարգ հայ երաժիշտների աշխարհի 21 պետությունների շուրջ 50 քաղաքներից: Արդեն կայացած այս նվագախումբն այս տարի երկու համերգ կունենա՝ մայիսի 9-ին Ստեփանակերտի հրապարակում, 14-ին՝ Երևանի օպերային թատրոնում: «Համահայկական նվագախումբն» այս տարի կմիավորի 22 երկրների հայ արվեստագետներին, այդ թվում՝ Արցախի»:

«Համահայկական նվագախմբի»՝ նախորդ տարվա «Վերածնունդ» կարգախոսին այս տարի կհաջորդի «Հաղթանակ» կարգախոսը: «Որովհետև վերածննդից մենք շարժվում ենք դեպի հաղթանակ»,-ասաց Ռուզան Սիրունյանը :

«Արցախի մշակույթը հայկական մշակույթի մի մասն է, և մենք գործում ենք մշակութային ընդհանուր  տարածքում, հետևաբար,  պարտավոր ենք համատեղ ուժերով  լցնել այդ դաշտը իմաստով ու բովանդակությամբ»,-ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը.

«Այս առումով, խիստ արդյունավետ եմ համարում Արմեն Ամիրյանի այցը Արցախ, որի ընթացքում և ստորագրեցինք համագործակցության հուշագիրը: Այն միտված է նրան, որ Հայաստանում ու Արցախում ապրող մեր հայրենակիցները հաղորդակից դառնան միմյանց  մշակութային դրսևորումներին»:

Համատեղ միջոցառումների ցանկում  Սերգեյ Շահվերդյանն  ընդգծեց  Հովհաննես Այվազովսկու գեղանկարների՝ Ստեփանակերտում կայանալիք ցուցահանդեսը: Ասաց, որ նախատեսվում են Արցախի ջազային ու էստրադային նվագախմբերի համերգները Հայաստանում, որոնք չեն սահմանափակվի միայն Երևանով: Ի դեպ, հայաստանյան կոլեկտիվների արցախյան միջոցառումները ևս չեն սահմանափակվի զուտ մայրաքաղաքով: Մշակութային կյանքը ապակենտրոնացնելու քաղաքականությունը Արցախի մշակութային գերատեսչության առաջնահերթություններից է:

Արմեն Ամիրյանն ասաց, որ Հայաստանում կայանալիք մի շարք միջոցառումներում կընդգրվեն արցախցի արվեստագետներ: Օրինակ՝ ապրիլի 24-ին «Համահայկական երգչախմբի» Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին շուրջ 250 երաժիշտների կողքին հանդես կգան  նաև  Ստեփանակերտի երգչախմբի անդամները:

Կարդացեք նաև

Back to top button