Հասարակություն

Պրովոկացիա՞, թե՞. ի՞նչ է կատարվել Արցախում 19-ամյա Ասյայի հետ

Պրովոկացիա՞, բռնությո՞ւն, թե՞ երկուսն էլ միասին: Ի՞նչ է կատարվել Արցախում 19- ամյա կապույտ մազերով ծխող աղջկա հետ: Համացանցը ողողված է այս թեմայով մեկնաբանություններով ու նյուծերով։ Աղջիկը պատմում է, թե ինչպես են իրեն երկու ամիս առաջ Արցախում ոստիկանները հարցաքննության հրավիրել, ապտակել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել ու ադրբեջանական «շպյոն» անվանել:

Այնուհետև ստուգման նպատակով նրա տուն գալով՝ զարմացել են գարեջրի շշեր  հայտնաբերելով: Նրանք ստուգել են 19- ամյա Ասյայի թևերը, քանի որ դեղերի արկղում ներարկիչ են հայտնաբերել:

Հարցն այնքան մեծ հնչեղություն է  ստացել, որ հայտնվել է անգամ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում. Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ծառայողական քննություն է սկսվել, ինչը կտա բոլոր  հարցերի պատասխանը:

Եվ կապ չունի, թե  ինչ կրոնի ու ռասսայի մարդու հետ է նման դեպք տեղի ունեցել, բռնությունն անթույլատրելի է՝ ասաց Դավիթ Բաբայանը։ Մյուս կողմից՝ անթույլատրելի է համարում հարցի շահարկումը:

Արցախում 19- ամյա կապույտ մազերով  ծխող աղջկա մասին պատմությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Օրինակ, թե ինչու է նա որոշել դեպքից երկու ամիս անց ահազանգել կատարվածի մասին, ինչու նրան սատարողները չեն սպասում ծառայողական քննության ավարտին, փորձում են հարցին քաղաքական երանգ տալով ակցիա կազմակերպել:

Հարցերի պատասխանը թերևս կլինի շուտով: Մինչ այդ՝ հետաքրքիր դիտարկում է անում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: Նա իր ֆեյսբուքյան մեկնաբանություններում նկատում է, որ  ոչ մի երկրի կողմից չճանաչված, մարդու իրավունքների պաշտպանության ոչ մի միջազգային կոնվենցիային չմիացած, դեմոկրատիայի ավանդույթներ չունեցող, աղքատիկ, պատերազմական վիճակում գտնվող երկրում այդ միջադեպին արձագանքում են ե՛ւ երկրի նախագահը, ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանը…

«Չգիտեմ, ինչն էր այս տեղեկատվական աղմուկի նպատակը, բայց կողքից անկողմնակալ լսողը՛ ասենք տուրիստ եկած ռուսը կամ անգլիացին, հաստատ կշշմեն. էս ինչ կատարյալ ժողովրդավարություն են կառուցել էդ ղարաբաղցիները»,- գրում է Տիգրան Հակոբյանը:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արտակ Բեգլարյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում դատապարտեց ցանկացած օրինախախտում, բայց նաև անընդունելի համարեց դեպքի հիման վրա տարանջատում մտցնելու մոտեցումը.

«Հայաստանցի ղարաբաղցի տարանջատումը նույնքան դատապարտելի է»:

Թեմային առնչվող մեկնաբանություններում թերևս շատ են բարոյախրատական ձևակերպումները, ինչը հիմք  է  տալիս շատերին ասելու, թե հարցը իրավական դաշտում է և պետք չէ բարոյական դաշտ տեղափոխել: Սակայն սրան զուգահեռ տեսնում ենք, որ մյուս կողմից հարցը կարծես փորձ է արվում տեղափոխել քաղաքական դաշտ:

Շահագրգիռ կազմակերպություններն ու մարդիկ որոշել են «Կապույտի մեջ թեմա կա՞» ձևակերպմամբ ակցիա կազմակերպել վաղն ու մետրոյի Բարեկամության կայարանից շարժվել դեպի Հայաստանում Արցախի ներկայացուցչություն:

Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ  ցանկալի է՝ երթի մասնակիցներն ունենան գունավոր մազեր և զինված լինեն ծխախոտներով: Դատողությունները թողնում ենք ռադիոունկնդիրներին ու սպասում ծառայողական քննության ավարտին:

Կարդացեք նաև

Back to top button