

Այսօր թատրոնի միջազգային օրն է, ամեն տարի այս օրը տեղի է ունենում «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Այսօր երեկոյան հայտնի կդառնան լավագույնները. լավագույն դերասանուհին ու դերասանը, լավագույն ռեժիսորը, լավագույն ներկայացումը։
Գավառը Հայաստանում առաջին քաղաքն է, որտեղ թատրոնի շենք են կառուցել անկախությունից հետո։ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը երեք տարի առաջ ստանձնեց թատրոնի ղեկավարություն պաշտոնը:
Չէր պատկերացնում, որ թատրոնը անգամ շենք անգամ չունի, քանի որ 2008թ- ից սկսել են թատրոնի վերանորգման աշխատանքները, բայց հետո հասկացել, որ անհնար է 1931 թվականից շահագործման հանձնված շենքը հիմնանորոգել և ավելի նպատակահարմար գտել այն քանդել և նորը կառուցել:

Այն 132 տարվա պատմություն ունի: ․
«Երբ որ 2015 թվականին ինձ նշանակեցին գլխավոր, չգիտեի, որ վառված դպրոց են տեղափոխվել․․․ Երևանից որ դերասան էի հրավիրում, ասում էին՝ կատա՞կ ես անում, ո՞նց կարող ենք ստեղ աշխատել: Հա, ասում էի, իսկապես պետք է ստեղ աշխատենք: Եվ աշխատում էինք: Երեք տարի: Փառք Աստծու, արեցինք ներկայացումներ, մասնակցեցինք փառատոների․․․ Երբ որ ասում են մարզային թատրոն, հետևից՝ մի ահռելի խնդիրներ՝ բռնած դերասաններից, ներկայացում կազմակերպելուց, տոմս ծախելուց, անիվների վրա լինելուց․․․ ես ասում եմ մեր թատրոնի օրինակով: Բայց դրա տակից դուրս եկանք: Այսօր մեր շենքը վերակառուցել են»:
Շենքը կառուցել են, բայց այդ տարիներին հաստիքներ են կրճատվել՝ և ստեղծագործական և տեխնիկական աշխատողներ: Հաստիքները վերականգնելու Արմեն Սաֆարյանի բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են․Ասում է՝ իրենք դիմել են մարզպետարան, մարզպետարանը՝ կառավարություն, բայց հաստիքներ չեն տրամադրվում։
«Չունենք դերձակ, չունենք բանվոր․ էլեմենտար հաստիքներ եմ ասում, որ թատրոնում անհրաժեշտ են: Մի բանվոր ունենք․ մի բանվորը ո՞նց կարող ա դեկորացիա քարշ տալ․․․»:
Ինչպես Գավառի թատրոնի գլխավոր ռեժիսորը որակեց, իրենց թատրոնը միշտ անիվների վրա է եղել ու ներկայացումներով հանդես է եկել ամբողջ մարզում: Անիվների վրա այս տարի լինելու է նաև Վանաձորի դրամատիկական թատրոնը, քանի որ այն էլ է հիմնանորոգվում, և աշնանն արդեն կբացի դռները հանդիսատեսի առաջ: Իսկ մինչ այդ նրանք կշրջագայեն երկրով մեկ ու երկրի սահմաններից դուրս. Թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն ասում է, որ մարզային թատրոնների ամենամեծ խնդիրն այն է, որ մի ներկայացումը չեն կարող երկար ժամանակ խաղալ` բնակչության քանակը քիչ է եւ նույն բնակչին չեն կարող մի քանի անգամ նույն ներկայացումը ցուցադրել: Իսկ նոր ներկայացում բեմադրելու համար պետք է ներդրում անել, որն այսօր պետական միջոցներով հնարավոր չէ իրականացնել:
«Եթե Երևանում ամեն ինչ մենք մի քիչ վարդագույն ակնոցի տակից ենք տեսնում, մարզերում պատկերը բոլորովին այլ է: Բնակչություն շատ քիչ կա, հետաքրքրություն․․․ մեղադրելու չէ: Երբ որ մարդը այսօր հացի խնդիր է լուծում, թատրոն բերել հանդիսատեսին, դա մի քիչ բարդ գործ է: Բայց փառք Աստծո, ես իսկապես դժգոհելու տեղ չունեմ, մեր բոլոր ներկայացումները գրեթե լեփ—լեցուն դահլիճներում են անցնում»:
Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունն էլ թատրոններին մաղթեց զերծ մնալ ցնցումներից ու ունենալ զարգացման լայն հնարավորություններ:
Եվ մասնագիտական տոնի օրը՝ վերջապես հանգուցալուծում ստացավ Պետական կամերային երաժշտական թատրոնի խնդիրը։ Թատրոնի տնօրենի պաշտոնն ստանձնեց Հռիփսիմե Առաքելյանը։ Նրան կոլեկտիվին ներկայացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Իսկ արդեն երեկոյան տեղի կունենա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, կորոշվեն այս տարվա թատերարվեստի լավագույնները:




