

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 110-ը երեխաների նկատմամբ է եղել։
Երեխաների հիմնահարցերով զբաղվող «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանը ներկայացրել է խնդրի պատճառները:
Իսկ քննչական կոմիտեն հայտարարել հանցագործությունը բացահայտելուն ուղղված իրենց քայլերը:
Սովորաբար հոգեբանները սթրեսի ենթարկվածին խորհուրդ են տալիս բարձրաձայնել իրենց խնդիրը, փորձել նաև այդ կերպ թոթափել ցավը: Սակայն Հայաստանում դեռևս սեռական բռնության ենթարկվածները չեն կարողանում խոսել իրենց հետ կատարվածի մասին:
Ամեն անգամ նոր սթրես են ապրում՝ «Ռադիոլուրին» ասում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի շահերի պաշտպանության մասնագետ Աննա Հովհաննիսյանը: Բռնության զոհերը շարունակում են ամոթի զգացում ապրել, հատկապես երբ խոսքը աղջիկ երեխաների մասին է, ասում է:
«Աղջիկ երեխայի հետագա պատվի, կամ ընտանիքի հետագա պատվի: «բարոյական արժեքները» պահպանելու նպատակով»:
Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերով կենտրոնի աջակցությանը հիմնականում դիմում են իրավապահների միջնորդությամբ: Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` սեռական ոտնձգությունների զոհերը հիմնականում երեխաներն են:
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը վերջերս «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում նշել է, որ պետք է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկեն:

«Այս ժամանակահատվածում, որի մեջ մենք ապրում ենք գլոբալիզացիայի և բազում այլ խնդիրների ու պրոբլեմների անչափահասները դաևձել են ավելի խոցելի: Իրավապահ մարմինների խնդիրն է, որպեսզի մենք կարողանանք անչափահասների այդ խոցելիությունը վերացնենք կամ գոնե հասցնենք նվազագույնի»:
Ըստ սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի՝ տարեկան ունենում են մոտ 10 դեպք: Այս պահին կենտրոնն աշխատում է սեռական բռնության ենթարկված 15 զոհի հետ, որոնցից 11-ն անչափահաս են: Բազմամասնագիտական անվճար օգնություն է ցուցաբերվում սեռական ոտնձգությունների զոհերին, փորձում են համագործակցել պետական և ոչ պետական կառույցների հետ, նշեց կենտրոնի մասնագետ Աննա Հովհաննիսյանը:
«Ավելի համալիր մոտեցում ենք ցուցաբերում դեպքին: Չենք աշխատում միայն սեռական բռնության և դրա հետևանքների հետ, այլ փորձոում ենք ավելի լայն, ավելի զորեղացնող ծառայություններ մատուցել կնոջը և անչափահասին, ովքեր դիմում են մեզ»:
«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանի դիտարկմամբ՝ առկա խնդրի պատճառները մի քանիսն են: Նախ՝ պետք է ճշտել, թե հանցագործություն գործածներից քանիսն են հոգեկան շեղումներով և այն , որ նրանք չեն վերահսկվում պետության կողմից: Երկրորդը պետությունն ուշադրություն չի դարձնում սոցիալապես անապահով խավին, սրան գումարած էլ տեղեկատվական դաշտն անառողջ է:
Սեռական բռնության զոհ կարող են լինել նաև տղաները: Կենտրոնն իր բազմամյա գործունեության ընթացքում ունեցել է անչափահաս տղա երեխայի մեկ դեպք, իսկ չափահաս տղաների նկատմամբ սեռական բռնության դեպք կենտրոնը դեռևս չի գրանցել:




