

Արդեն 7 տարի է՝ ռուսական «Սեվեր-յուգ»/Հյուսիս-հարավ/ քաղաքագիտական կենտրոնը հետխորհրդային երկրների քաղաքագետների, լրագրողների, դասախոսների մասնակցությամբ անցկացնում է հանդիպումներ՝ քննարկելու քաղաքական, ինտեգրացիոն, տնտեսական, հումանիտար գործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Սակայն մարտի 22-ին՝ հերթական նման հանդիպման ընթացքում, որն այս անգամ անցկացվել է Մոսկվայում, ադրբեջանցի մասնակիցների պատճառով միջադեպ է տեղի ունեցել:
Հերթական դեպքն ու օրինակը, երբ ադրբեջանցիները քննարկումները փորձում են օգտագործել սեփական գաղափարախոսության տարածման նպատակով: Ռուսական «Սեվեր-յուգ» քաղաքագիտական կենտրոնն իր 7 տարվա գործունեության ընթացքում կազմակերպում է ամենատարբեր հարցերի քննարկումներ, տարբեր ազգերի փորձագետների, այդ թվում նաեւ՝ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ:
Ի թիվս այլ հարցերի՝ քաղաքական խնդիրներ եւս շոշափվում են, բայց ոչ տարածաշրջանային կոնֆլիկտներ՝ մանրամասնում է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։ Նա հանդիպումների ակտիվ մասնակից է: Այս ընթացքում ադրբեջանցի մասնակիցները մի քանի անգամ փորձել են բարդացնել իրավիճակը, բարձրացնել վիճահարույց, մասնավորապես, ԼՂ հակամարտությանն առնչվող թեմաներ, սակայն դրանք շրջանցվել են, քանի որ «Սեվեր-յուգ»-ն այդ հարցերի քննարկման հարթակը չէ: Բայց ադրբեջանցիներն ամեն անգամ «մոռանում են» զգուշացումների մասին: Ինչի՞ մասին է սա խոսում. մեկնաբան, լրագրող Հայկ Խալաթյան:
« Երկու պարագա կա՝ մեկը ընդհանուր պետական քաղաքականություն՝ իրենց քարոզչամեքենայի թեզերն առաջ տանելու, երկրորդը՝ անձնական շահ: Այդ թեմայի շուրջ խոսելով նա կարող է անուն ձեռք բերել, առաջխաղացում ունենալ Ադրբեջանում: Եթե ես գնամ մի միջոցառման եւ հայկական կողմի թեզերով հանդես գամ, ես շատ կասկածում եմ, որ դա ինձ դիվիդենտներ կբերի Հայաստանում: Եւ ես ուրախ եմ դրա համար, դա խոսում է Հայաստանում առողջ մթնոլորտ ունենալու մասին: Իսկ այդ մարդկանց թվում է, որ այս թեման խաղարկելով կարող են լավ կարիերա անել»:
Վերջին հանդիպմանը ադրբեջանցի մասնակիցներից Մամեդ Ալիեւը հերթական նման զեղումն է ունեցել, երբ իր զեկույցով փորձել է ներկայացնել, թե որքան հանդուրժող են իր երկրում տարբեր կրոնների նկատմամբ:
«Ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը սկսեց ներկայացնել՝ 20 տոկոս օկուպացված տարածքներ, 1 մլն փախստականներ: Այդ ժամանակ ես արդեն, առանց որեւէ մեկի թույլտվությունը հարցնելու, սկսեցի խոսել ու շեշտել, որ փախստականներից շուրջ 400 հազարը հայեր են, ու որ այդ հարցերն իր զեկույցի թեմայի հետ բացարձակ կապ չունեն: Մոդերատորը փորձում էր հանդարտեցնել, բայց արդեն կրքերը լարվել էին»:
Առաջին անգամ չէ, որ քաղաքագիտական այս կենտրոնի քննարկումներին հայերը կարգի են հրավիրում ադրբեջանցի մասնակիցներին: Վերջին միջադեպի ժամանակ կազմակերպիչներն անակնկալի են եկել, փորձել հանդարտեցնել: Սակայն հաջորդիվ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե կազմակերպիչներներն իրականում աջակցել են իրենց դիրքորոշումը, իսկ հայկական կողմի հորդորներն անտեսել են: Խալաթյանը ծիծաղելի է համարում նման մեկնաբանությունը: Կազմակերպիչները փորձում ու հաջողում են պահել հավասարակշռությունը՝ ասում է: Իրենք՝ կազմակերպիչները, «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում են՝ այսօրինակ պահվածքին իրենք դեմ են: «Սեվեր-յուգ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Անժելիկա Տրապեզնիկովա:
«Այո, այդպիսի բաներ լինում են միջոցառումների ժամանակ: Սակայն մենք դեմ ենք ագրեսիային, նման դրսեւորումներին: Մենք կողմ ենք երկխոսությանը: Այս հարթակը շփվելու համար է: Նման պահվածքը չի նշանակում, որ նրանք անտեսում են մեր ձեւաչափը, սակայն լինում են պահեր, երբ բռնկվում են: Դրան մենք դեմ ենք»:
Այժմ քննարկվում է՝ ինչ ձեւաչափով շարունակել նման հանդիպումները, որպեսզի դրանք այսպիսի զեղումներից զերծ ու առավել արդյունավետ լինեն՝ ասում է կենտրոնի գործադիր տնօրեն Անժելիկա Տրապեզնիկովան: Հայկ Խալաթյանն իր հերթին շեշտում է՝ այսպիսի միջոցառումները հայերի հետ Ղարաբաղյան հարցեր քննարկելու հարթակ չեն ու որեւէ կերպ չեն կարող նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը:




