

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը խորհրդարան մտավ լրագրողներին մտահոգող մեկ դրույթով, խորհրդարանից դուրս եկավ երկրորդ մտահոգող կարգավորումը ներառած:
Եթե սկզբում քննարկումների առանցքում միայն կառավարության դռնփակ նիստերի թեման էր, հիմա նաև հարցն է, թե ինչու են Երևանի ավագանու նիստերին լրագրողները հետևելու առանձնացված տարածքից:
«Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են այդ մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որն ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ ». այս դրույթը կառավարության կառուցվածքն ու գործունեության կարգը սահմանող ծավալուն օրենսդրական փաթեթում ընդգրկվեց առաջինից երկրորդ ընթեցում ընկած ժամանակահատվածում:
Եթե մինչև այդ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ստիպված էր հիմնավորել, թե ինչու է որոշվել կառավարության նիստերը փակ անցկացնել, հիմա բացատրում է, թե ինչու է Երևանի ավագանու համար հեռակա լուսաբանման տարբերակն ընտրվել: Ասում է ՝ որոշել են առաջնորդվել ճիշտ նույն կանոններով, որոնք գործում են ԱԺ նիստերի լուսաբանման ժամանակ:
«Կարծում ենք՝ այս տարբերակը շատ ավելի արդյուանվետ է, քանի որ ամեն վայրկյան մեր աշխատանքը չեն խոչընդոտում մեր լրագրողները: Նկատի չունեմ, որ իրենք խոչընդոտում են օրինաստեղծ աշխատանքին, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Այս տարբերակով լրագրողները մեզ չեն խանգարում, մենք իրենց չենք խանգարում»:
Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը կառավարության առաջարկած և արդեն խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունն արդյունավետ լուծում չի համարում:
« Զուգահեռներ են տարվում ԱԺ-ի հետ: Խորհրդարանում լրագրողները հնարավորություն ունեն իրենց աչքերով տեսնելու, հետևելու թե ինչ է կատարվում նիստերի դահլիճում, ճիշտ է ապակու հետևից, բայց արձանագրել իրենց տեսածը: Իսկ այս դեպքում տեսախցիկը ֆիքսելու է միայն այն անձնավորությանը, որը տվյալ պահին ելույթ է ունենում: Եթե մեկ այլ իրադարձություն այնտեղ տեղի ունենա, որը կգրավի լրագորղների ուշադրությունը, տեսադաշտից դուրս կմնա»:
Ի դեպ, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և դրան կից ներկայացված ծավալուն օրենսդրական փաթեթում Երևանի ավագանու նիստերին վերաբերող դրույթն ավելացավ վերջին պահին՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: ԱԺ նոր կանոնակարգի տված այս հնարավորությունը պատգամավորներին մտահոգում է: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ առաջարկում էր մտածել այն հոդվածը փոխելու մասին, որ կառավարությանը վերջին պահին փոփոխություն անելու հնարավորություն է տալիս: Լրագրողական կազմակերպություններին նույնպես ոչ պակաս, քան բովանդակությունը, մտահոգում է այն գործելաոճը, որով իրականացվում է են լրագրողների աշխատանքին առնչվող փոփոխությունները:
«Նման կարևորության հարցերն առանց բավարար հանրային քննարկման ու շահագրգիռ կողմերի կարծիքը լսելու չի կարելի ընդունել: Էլ չեմ ասում այս հապճեպ մեխանիզմի մասին. մեկ օր առաջ բերված, լրիվ այլ հարց կարգավորող նախագիծը դրվում է սեղանին ու հաջորդ օրը քվեարկվում: Սա անընդունելի է ու չի կարող համակցվել ժողովրդավարության հետ»:
Երևանի ավագանու նիստերի լուսաբանման կարգը վերանայելու հարցն առաջացավ այս տարվա առաջին նիստի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո: Կոյուղաջրային սկանդալից հետու Ա1 պլյուս-ի ու Ազատության լրագրողների քաղաքապետարան կատարած այցին հաջորդեց քաղաքապետի հանձնարարականը՝ շենքում լրագրողների աշխատանքի կանոնակարգելու անհարժեշտության մասին: Հեռակա լուսաբանման առաջարկ եղավ, բայց դրան լրագրողական կազամկերպությունները դեմ արտահայտվեցին: Հիմա արդեն առաջարկը օրենքում ամրագրված և ընդունված դրույթ է:




