Հասարակություն

Արմավիրում չեն փոխհատուցվում երթևեկող ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտի ծախսերը

Արմավիրի մարզի տարբեր համայնքների  դպրոցներում  առարկայական մասնագետների պակասը  լրացվել  է այլ համայնքներից եկած մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչներով, որոնց տրանսպորտային ծախսը կազմում է աշխատավարձի 20-25 տոկոսը:

Պետական բյուջեից  «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին ու դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրով փոխհատուցում չի նախատեսվել Արմավիրի, Արարատի և Կոտայիք մարզերին: 

Հանրապետության 7 մարզում՝ Գեղարքունիքում, Լոռիում, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում  պետական բյուջեից փոխհատուցվում են երթևեկող ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերը: Այս ծախսերը ներառված են նաև  2018-2020թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հ/կ տնօրեն Օլեգ Դուրգարյանը տեղեկացրեց, որ  տրանսպորտի փոխհատուցման ծրագրից չեն օգտվում  Արմավիրի, Արարատի և Կոտայիք մարզերը, քանի որ իրազեկված չեն:


Բյուջեով նախատեսված ծախսերի իրազեկության պակասը հարվածում է ուսուցիչների գրպանին:  Արմավիրի մարզի երթևեկող ուսուցիչների ծախսը միջին հաշվով  կազմում է աշխատավարձի 20-25 տոկոսը:

Երթևեկող ուսուցիչները մեծ դժվարություններ են հաղթահարում ժամանակին դպրոց հասնելու համար: Հանրային տրանսպորտի երթևեկության ժամերը չեն համապատասխանում ուսուցչի աշխատանքային ժամերին և նրանք ստիպված  օգտվում են տաքսիների ծառայությունից:

Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը նշեց, որ մարզում տրանսպորտային ծախսեր տրվել են միայն գործուղված ուսուցիչներին, գիշերօթիկ  հատուկ դպրոցներին և   և ներառական կրթությանը:

Ուսուցիչների համեմատությամբ քիչ  չեն  նաև երթևեկող աշակերտները:


Արմավիրի մարզի Ծաղկունք և Կողբավան գյուղերում դպրոց չկա: Տեղի  երեխաները սովորում են այլ գյուղերի դպրոցներում: Կողբավանի դպրոցահասակ երեխաներից 7-ը հաճախում է Վանանդի դպրոց: Երեխաների փոխադրումն իրականացվում է  Կողբավանի  գյուղապետարանի և ծնողների  աջակցությամբ: Համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը նշեց, որ տեղական բյուջեի  սուղ միջոցներից վարձատրում են վարորդին, իսկ այլ  միջոցներով՝ հոգում մեքենայի շահագործման ծախսերը:

Վանանդն ու Կողբավանը  գրեթե սահմանամերձ համայնքներ են, մոտ են գտվում Թուրքիայի պետական սահմանին: Այս դպրոցում երթևեկող ուսուցիչների թիվը  7-ն է: Տնօրեն Հայկ Խաչիկյանը նշեց նրանց դպրոց հասնելու դժվարությունների մասին, քանի որ գյուղում  չի գործում հասարակական տրանսպորտը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը  «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագրի շրջանակներում  իրազեկում է  երթևեկող ուսուցիչներին և դպրոցահասակ երեխաներին պետական բյուջեից տրվող տրանսպորտայի ծախսերի մասին:

«Ուսուցիչը կամ աշակերտը դիմում է դպրոցի տնօրենին, ներկայացնում է ծրագրով իրեն հատկացվող տրանսպորտային ծախսերի  փոխհատուցման գումարի չափը՝ տարվա կտրվածքով, կազմվում է նախահաշիվ, ներկայացվում մարզպետարան, հետո ֆինանսների նախարարություն: Վերջինս վերանայելուց հետո ներառում է պետական ֆինանսավորման ծրագրում»,- ասաց Օլեգ Դուրգարյանը:

«Հանրակրթական դպրոցների մանկավարժներին ու դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագիրը չի տարանջատում մարզերի աշխարհրագրական դիրքն ու բնակչության խտությունը:

Կարդացեք նաև

Back to top button